Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում հիմնահատակ քանդել է Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը։

Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալության գնահատմամբ՝ սա ոչ միայն սրբավայրի ոչնչացում է, այլև մեկ դար առաջ սկսված ցեղասպան քաղաքականության շարունակություն, որն այսօր դրսևորվում է մշակութային ժառանգության և պատմական հիշողության հետևողական ջնջմամբ։

Գործակալությունը խստորեն դատապարտել է ինչպես միջազգային հանրության, այնպես էլ Հայաստանի իշխանությունների լռությունը՝ այն որակելով որպես համակերպում կատարվող հանցագործությանը։

Հայտարարության մեջ շեշտվում է, որ Արցախի հայ բնակչության վերադարձի անքակտելի իրավունքը խաթարելու նպատակով իրականացվող այս բարբարոսությանը պետք է տրվի հստակ քաղաքական գնահատական, իսկ միջազգային հարթակներում ձեռնարկվեն գործուն դիվանագիտական քայլեր՝ կանխելու անպատժելիության մթնոլորտում իրականացվող նոր հանցագործությունները։

Ադրբեջանը հիմնահատակ քանդել էր նաև Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին։

ԱՄՆ միջազգային հանձնաժողովի զեկույցում արձանագրվել էր Արցախում հայկական հուշարձանների ոչնչացման փաստը։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument Watch) նախաձեռնությունն ապրիլի 6-ին հայտնել էր, որ Ստեփանակերտում անհայտ անձինք կոտրել են Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի առնվազն երկու պատուհան։ Ապրիլի 7-ին հայտնի էր դարձել, որ ոչնչացվել է նաև Ստեփանակերտի ծննդատան հարևանությամբ տեղադրված «Մայրություն» քանդակը։

Leave a Comment