Ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 125 կմ հատվածում, «Պոլկովնիկ» ռեստորանի հարևանությամբ բախվել են «Mazda», «Rivian» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը «Աբովյան», մյուս մասը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները:
Փրկարարները վիրավորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ապա շտապօգնության բժիշկները վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոցներ։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։