Թրամփը դեմ է Իրանի հետ հրադադարի երկարաձգմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ երկշաբաթյա հրադադարը, որի լրանալուն մեկ օր է մնում:

«Ես չեմ ցանկանում երկարաձգել Իրանի հետ կնքված հրադադարի գործողության ժամկետը,- ⁠CNBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է նա, – Մենք այդքան ժամանակ չունենք»:

Թրամփը պնդել է, որ Վաշինգտոնն այժմ «բանակցային շահեկան դիրքեր ունի և ի վիճակի է շատ լավ գործարք կնքել»։

Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն կվերսկսի Իրանի դեմ հարձակումները, եթե մոտակա ժամանակում գործարք չկնքվի։

«Ես ակնկալում եմ, որ կլինեն ռմբակոծություններ, որովհետև կարծում եմ՝ այդպես մոտենալն ավելի ճիշտ է։ Բայց մենք պատրաստ ենք գործելու։ Ի վերջո, զինված ուժերը ոգևորված սպասում են՝ գործողության անցնելու», – ասել է նա։

Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի ժամկետի լրանալուց մեկ օր առաջ դեռ պարզ չէ՝ արդյոք Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցե՞ն Իսլամաբադում՝ ավարտելու պատերազմը: Ամերիկյան մամուլը գրում է, որ ԱՄՆ փոխնախագահը Պակիստան կմեկնի այսօր:

Իրանական պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ մինչ այս պահը Իրանից ոչ մի պատվիրակություն, այդ թվում՝ տեխնիկական թիմից, չի մեկնել Իսլամաբադ:

Leave a Comment