Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը Հայաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություններ է արել՝ պատասխանելով ռումին պատգամավոր Քրիստիան Տերհեշի հարցին։
Պատգամավորն իր հարցադրման մեջ մտահոգություն էր հայտնել, որ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում Եվրոպան կարող է կորցնել Հարավային Կովկասի երկրները, և հետաքրքրվել էր, թե ինչ ծրագրեր ունի Բրյուսելը Հայաստանին, Ադրբեջանին ու Վրաստանին եվրոպական ուղեծրում պահելու համար, հատկապես այժմ, երբ «Միջին միջանցքը» դարձել է միակ հուսալի առևտրային ուղին։
«Մենք արդեն ֆինանսավորել ենք Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրահաղորդման գծերի փոխկապակցման ծրագիրը. սա մի նախագիծ է, որը հնարավորություն կտա Հայաստանին բավարար էլեկտրաէներգիա ստանալ Վրաստանից։ Առանց Վրաստանի՝ իրական կապակցվածության օրակարգն անհնար է։ Մենք բաց ենք Վրաստանի ներգրավման համար, սակայն դա կկարողանանք անել միայն այն չափով, որքանով Վրաստանն ինքը պատրաստակամություն կցուցաբերի ներգրավվել նաև այլ ոլորտներում»,- ասել է Կոսը։
Հանձնակատարը նաև հավելել է, որ թեև Վրաստանի հետ քաղաքական երկխոսությունը ներկայումս բարդ փուլում է, Եվրամիությունը չի դադարեցնում աշխատանքը տարածաշրջանում և Հայաստանի հետ բանակցություններում մշտապես դիտարկում է նաև վրացական ենթակառուցվածքների ներուժը։ Ըստ նրա՝ Հայաստանն ու հարևան երկրները Եվրոպայի համար ոչ միայն տրանսպորտային միջանցք են, այլև էներգետիկ ու թվային կարևոր գործընկերներ, որոնց հետ կապերի սերտացումը Բրյուսելի համար աշխարհաքաղաքական առաջնահերթություն է։
«Իրանի շուրջ պատերազմական իրավիճակի պատճառով հարավային առևտրային ուղիներն այլևս գոյություն չունեն։ Այսպիսով, լավագույն տարբերակը Միջին միջանցքն է՝ «խաղաղության միջանցքը» (ինչպես կուզեք՝ անվանեք այն)։ Մենք ներգրավված ենք։ Այո՛, Թրամփը նույնպես ներգրավված է. կա 42 կիլոմետրանոց միջանցքի նախագիծ։ Մենք աշխատում ենք Ադրբեջանի հետ և իրականացնում ենք Նախիջևանի երկաթուղու իրագործելիության ուսումնասիրություն։ Մենք նաև բանակցություններ ենք վարում Թուրքիայի հետ՝ կապակցվածության բարելավման վերաբերյալ։ Այս օրակարգն ավելին է, քան պարզապես տրանսպորտը. այն ներառում է նաև էներգետիկ և թվային ենթակառուցվածքները։ Էներգետիկան հատկապես կարևոր է, քանի որ ներկայումս բախվում ենք լուրջ ռիսկերի»,- շեշտել է նա։
