«Ուժեղ Հայաստան» և «Ապրելու երկիր» կուսակցությունները ընտրություններին դաշինքով միասնական մասնակցելու հուշագիր են ստորագրել, հայտնել են «Ապրելու երկիր» կուսակցությունից։
Նշվում է, որ «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերը կներգրավվեն «Ուժեղ Հայաստան» դաշինքի շրջանակում՝ ընդգրկվելով նաև ընտրական ցուցակում։
Քաղաքական ուժերը հայտարարել են, որ ընտրություններին միասնական մասնակցելու նպատակով միավորում են ռեսուրսները անվտանգային և քաղաքական մարտահրավերների պայմաններում՝ ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ։
«Համագործակցությունը հիմնված է Հայաստանի անկախության և ժողովրդավարության պահպանման, հայ գերիների վերադարձի առաջնահերթության, Հայ Առաքելական եկեղեցու դերի կարևորության, ինչպես նաև հասարակական վստահության ու համահայկական ներուժի համախմբման վրա»,- տեղեկանում ենք կուսկացության հայտարարությունից։
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» մարտի 31-ին նախընտրական դաշինքի ստեղծման հուշագիր էր ստորագրել «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունների հետ։ Կարապետյանի ուժին սատարելու մասին հայտարարել էին Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը, ինչպես նաև «Կայունություն», «Ազատություն» և «Ժառանգություն» կուսակցությունները:
ԶԼՄ-ները մարտին գրել էին, որ «Ապրելու երկիր» կուսակցության համագործակցությունը Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության հետ չի ստացվել։
Ապրիլի 21-ին ԶԼՄ-ները չէին բացառել «Ապրելու երկիր» կուսակցությունը և «ՀայաՔվեն» ընտրություններին ընդառաջ կարող են միանալ «Ուժեղ Հայաստանին»։
