ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանում կալանավորել են ՊՆ փոխնախարարի սպանությունը կազմակերպողներից մեկին

Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով Ռուսաստանի Դաշնությունում կալանավորել են սպանության գործով անցնող Հրայր Նարիմանյանին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս ՌԴ իրավապահներին հայտնել է, որ պատրաստ է ներկայանալ ՀՀ ուժային կառույցներին։ Արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունը ապրիլի 13-ին դիմել է ՌԴ իրավասու մարմիններին՝ Հրայր Նարիմանյանին Հայաստանին արտահանձնելու համար։ Դիմեցինք Գլխավոր դատախազություն, որտեղից պահանջեցին գրավոր հարցում ուղարկել։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հուլիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ բացահայտվել է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը։ Ըստ նախաքննական մարմնի՝ Սասուն Առուշանյանը, Հրայր Նարիմանյանը և Արմեն Առաքելյանը 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Սասուն Առուշանյանի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են սպանությունը, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն։ ՔԿ-ի տվյալներով՝ Սասունը, լինելով զինծառայող, կազմակերպել է սպանությունը և 1998 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին այդ նպատակով պայմանավորվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Հ.Ն.-ի և Ա.Ա.-ի հետ՝ նրանց խոստանալով համապատասխանաբար 10 000 և 15 000 դոլար։

Սպանությունն իրականացնելու նպատակով ձեռք է բերել «Մակարով» տեսակի ատրճանակի ինքնաշեն փող և խլացուցիչ, որոնք տեղադրել է իր ապօրինի պահվող «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակի վրա։ Ատրճանակը փորձարկել է քաղաքից դուրս՝ ստուգելով ձայնի խլացման աստիճանը։ Խլացուցիչի արդյունավետությունը բավարար չլինելու պատճառով Նարիմանյանի օգնությամբ քանդել և նորից ինքնաշեն եղանակով հավաքել է փամփուշտները՝ նվազեցնելու վառոդային լիցքը։

1998 թվականի դեկտեմբերի 7-ին վերոնշյալ անձինք եկել են Երևան՝ իրենց հետ բերելով հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։ Սասուն Առուշանյանը հանցակիցներին ցույց է տվել շենքը, որտեղ բնակվել է Վահրամ Խորխոռունին։ Դեկտեմբերի 9-ի երեկոյան նրանք հանդիպել են Հանրապետության հրապարակում և Հ.Ն.-ի վարած մեքենայով գնացել Խորխոռունու բնակության վայր, որտեղ դարանակալել են։

Ըստ նախնական դերաբաշխման՝ Հ.Ն.-ն մնացել է մեքենայում, իսկ Ս.Ա.-ն և Ա.Ա.-ն՝ շենքի մուտքի մոտ։ Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, երբ Խորխոռունին մտել է շենքի մուտք, Ս.Ա.-ն և Ա.Ա.-ն, փոխլրացնելով միմյանց, արձակել են հինգ կրակոց՝ երեքը դեմքի, երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջանում։ Վահրամ Խորխոռունին մահացել է տեղում։

Եվ ահա Սասուն Սուրենի Առուշանյանի մասով գործը դատարան է ուղարկվել, և այն մակագրվել է դատավոր Գևորգ Պողոսյանին։ Սասուն Առուշանյանը այս պահին կալանավորված է։ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ գործը դատարան ուղարկվելուց հետո ձերբակալված և այնուհետև կալանավորված Սասուն Առուշանյանի կալանքը փոխարինվել էր տնային կալանքով, իսկ օրեր առաջ գործը քննող դատավոր Արտակ Կարապետյանը կալանքը վերացրել է և վերջինիս նկատմամբ սահմանել վարչական հսկողություն։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Leave a Comment