Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 23-ին․ CBS

Իսրայելի և Լիբանանի միջև դեսպանների մակարդակով բանակցությունները տեղի կունենան ապրիլի 23-ին՝ ԱՄՆ պետքարտուղարությունում, հայտնել է CBS News-ը։

Times of Israel-ը, հղում անելով իսրայելցի պաշտոնյայի, նույնպես հայտարարել է, որ Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերի և նրա լիբանանցի գործընկեր Նադա Մոավադի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հինգշաբթի օրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպմանը կմասնակցեն իսրայելցի, լիբանանցի և ամերիկացի պաշտոնյաներ։

Ավելի վաղ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել էր, որ Վաշինգտոնում նախկին դեսպան Սայմոն Քարամի գլխավորած լիբանանյան պատվիրակությունը կվարի Իսրայելի հետ երկկողմ բանակցություններ։

«Բանակցված տարբերակի նպատակն է դադարեցնել թշնամական գործողությունները, վերջ դնել հարավային շրջանների Իսրայելի օկուպացիային և տեղակայել բանակը մինչև միջազգայնորեն ճանաչված հարավային սահմանները»,- ասել էր Աունը։

Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել ապրիլի 14-ին Վաշինգտոնում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններն Իսլամաբադում պետք է սկսվեն հաջորդ շաբաթ։ Նրա խոսքով՝ ամերիկյան պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ, կմեկնի Պակիստանի մայրաքաղաք։ Թրամփը նաև ասել էր, որ Հորմուզի նեղուցը չի բացվի մինչև Իրանի հետ համաձայնագրի ստորագրումը:

Leave a Comment