Փաշինյանը ներկայացրել է` ինչու է կարևոր Հայաստանում նոր Սահմանադրության ընդունումը




 

Հայկական ժամանակ. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչի համար է կարևոր Հայաստանի նոր Սահմանադրության ընդունումը։


 


Վարչապետը թեմային անդրադարձել է՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։


 


«Ինչո՞ւ է մեզ համար կարևոր նոր Սահմանադրության ընդունումը, որովհետև պետության և քաղաքացու հարաբերություններում մեր երկրում կա որոշակի շարունակական լարում, և այդ լարման պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում չկա ընկալում, որ այն իրավակարգը, որը Հայաստանում հաստատված է, հաստատված է իր կողմից։ Ոչ միայն չկա ընկալում, այլև չկա այդպիսի իրողություն, որովհետև Հայաստանում միշտ և բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել։


 


Ես նաև որպես լրագրող եմ նախկինում լուսաբանել սահմանադրական հանրաքվեները, նաև քաղաքական գործընթացների ժամանակ ականատես ենք եղել բոլոր սահմանադրական հանրաքվեներին, և միշտ այդ ընկալումը, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծված են, լարում և խզում է առաջացնում քաղաքացու և իրավակարգի միջև։


 


Եվ մեզ համար չափազանց կարևոր է, որ քաղաքացու և իրավակարգի միջև լինի օրգանական կապ, իսկ այդ օրգանական կապի հաստատումը Սահմանադրության ընդունումն է հանրաքվեով»,- ասել է Փաշինյանը։


 


 


Leave a Comment