Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստի ընթացքում ասել է, որ ավագանու ներկայիս կազմով շատ կարևոր և խորքային բարեփոխումները դժվար է իրականացնել։
«Բազմաթիվ խնդիրներ են ստեղծվում նաև այս դահլիճում հնչող, մասնավորապես՝ ընդդիմադիր գործընկերների նարատիվների հետևանքով, որովհետև դրանք խրախուսում են անխատասխանատու վերաբերմունք, քամահրանք համայնքի և դրա սեփականության նկատմամբ», – ասել է քաղաքապետը՝ շեշտելով, որ ներկայիս կազմով շատ դժվար է իրականացնել այն փոփոխությունները, որոնք քաղաքին պետք են։ Նրա խոսքով՝ դրանք շատ դեպքերում ցավոտ են և պոպուլիստական չեն, բայց քաղաքը դրա կարիքն ունի։
«Ուզում ես աշխարհի ամենաբարձր մակարդակի արհեստական բանականության լուսափորները դնես, դրանից իրավիճակը (խցանումները) լավը չի դառնա։ Այստեղ պետք են որոշակի նոր կարգավորումներ և սահմանափակումներ»,- նշել է քաղաքապետը՝ վստահեցնելով, որ այդ սահմանափակումները բերելով ընդդիմադիր գործընկերները ամենահնարավոր պոպուլիստական «լոզունգներով» հանդես կգան։
«Մի բան արձանագրեմ, մենք այս դահլիճում իրական խնդիրները չենք քննարկում։ Քննարկում ենք այն, ինչ այդ պահին ինչ-որ մի խմբակցություն այդ պահին կարծում է իրեն ավելի ռեյտինգ կապահովի»,- նշել է քաղաքապետը։
