Մադրիդի «Ռեալի» մի շարք ֆուտբոլիստներ իրենց լիակատար աջակցությունն են հայտնել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոային և նրա մարզչական շտաբին՝ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո: Խաղացողները հստակ հասկացրել են ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում են իսպանացի մասնագետը շարունակի գլխավորել թիմը: Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Հիշեցնենք, որ Արբելոան ակումբի ղեկը ստանձնել է վերջերս՝ 2026 թվականի հունվարի 12-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Խաբի Ալոնսոյին: Սակայն մարզչական փոփոխությունը բավարար չեղավ եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարում հաջողության հասնելու համար։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում մադրիդցիները զիջեցին Մյունխենի «Բավարիային»:
Ստեղծված իրավիճակում «Ռեալը» լուրջ վտանգի առաջ է կանգնած՝ մրցաշրջանն ավարտելու առանց որևէ գավաթի: Իսպանիայի Լա լիգայի ավարտից ընդամենը 7 տուր առաջ մադրիդյան թիմը մրցաշարային աղյուսակում զգալիորեն՝ 9 միավորով, զիջում է կատալոնական «Բարսելոնային»: Անգամ նման ճգնաժամային պայմաններում, հանդերձարանում պահպանվում է վստահությունը գործող մարզչի և նրա որդեգրած խաղային փիլիսոփայության նկատմամբ: