Արցախում հայկական պատմամշակութային և քրիստոնեական հետքերի վերացումը պետք է արժանանա հստակ և սկզբունքային գնահատականի ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ միջազգային կառույցների կողմից, հայտարարել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր նախագահ Մանե Թանդիլյանը:
Նա որպես օրինակ ներկայացրել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին՝ շեշտելով, որ կառույցի ոչնչացման մասին տեղեկությունները խորապես մտահոգիչ են։
«Մշակութային և հոգևոր ժառանգությունը յուրաքանչյուր ժողովրդի ինքնության կարևոր մասն է, և դրա հետևողական ոչնչացումը չի կարող մնալ անարձագանք», – նշել է քաղաքական գործիչը։
Թանդիլյանի համոզմամբ՝ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը քաղաքական հարց չէ, խաղաղությանն ընդդեմ սպառնալիք չէ, այլ համամարդկային արժեքներն ու պատմական հիշողությունը չջնջելու արդարացի պահանջ։
Բացի այդ, ըստ նրա՝ անհանդուրժելի է այս մասին բարձրաձայնելն ու քննադատելը շահարկել որպես խաղաղության գործընթացներին խոչընդոտող քայլ․ «Հակառակը՝ նաև հարևան ժողովրդի արժեքների, մշակույթի և պատմության նկատմամբ հարգանքը պետք է լինի իրական և կայուն խաղաղության հիմքում», – նկատել է Թանդիլյանը։
