Լևանդովսկիի ծառայություններով հետաքրքրված է առնվազն յոթ թիմ

«Բարսելոնայի» փորձառու հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է հեռանա կատալոնական ակումբից։

Ինչպես հաղորդում է իսպանական Mundo Deportivo պարբերականը, լեհ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է առնվազն յոթ թիմ։ Խոսքը Թուրինի «Յուվենտուսի», իտալական «Միլանի», անգլիական «Լիվերպուլի» և «Չելսիի», ամերիկյան «Չիկագո Ֆայրի», Մադրիդի «Ատլետիկոյի», ինչպես նաև թուրքական «Ֆեներբահչեի» մասին է։

Ընդ որում, աղբյուրը չի բացառում նաև այն տարբերակը, որ ֆուտբոլիստը կարող է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնա» է տեղափոխվել Մյունխենի «Բավարիայից» 2022 թվականին՝ 45 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Ընթացիկ մրցաշրջանում լեհ խաղացողը «Բարսելոնայի» մարզաշապիկով անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Leave a Comment