Իսրայելը հայտարարել է «իրանական ցանցի» բացահայտման մասին, որը հարձակումներ էր պլանավորում խողովակաշարի, ինչպես նաև Ադրբեջանում իսրայելական և հրեական թիրախների ուղղությամբ, հայտնում է Reuters-ը։
Համատեղ հայտարարության մեջ Իսրայելի Մոսադ հետախուզական գործակալությունը և Շին Բեթ անվտանգության ծառայությունը հայտարարել են մի քանի շաբաթ առաջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի վրա հարձակում իրականացնելու դավադրության խափանման մասին։ Բջիջի անդամները, որոնց մոտ հայտնաբերվել էին անօդաչու թռչող սարքեր և պայթուցիկ սարքեր, ձերբակալվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։
Նրանք նաև պնդել են, որ հարձակումներ են պլանավորել Ադրբեջանում հրեական և իսրայելական թիրախների, այդ թվում՝ Բաքվում Իսրայելի դեսպանատան և սինագոգի, ինչպես նաև Ադրբեջանում հրեական համայնքի առաջնորդների վրա։
Մարտի սկզբին Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին ԻՀՊԿ-ի կողմից պլանավորված «ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների, ինչպես նաև հետախուզական հավաքագրման» խափանման մասին։ Բաքվի տվյալներով՝ գործի կապակցությամբ ձերբակալվել է Ադրբեջանի յոթ քաղաքացի, իսկ Իրանի չորս քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։
