Ժամանակն է փակել նրա բերանը․ Արման Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական տիտղոսի նախկին հավակնորդ Արման Ծառուկյանը խոսել է կիսամիջին քաշային կարգում կազմակերպության նախկին ժամանակավոր չեմպիոն Քոլբի Քովինգթոնի հետ հնարավոր մենամարտի մասին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում կայացած «RAF 08» մրցաշարում վետերան Յուրայ Ֆայբերի նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակից հետո Ծառուկյանը մարտահրավեր էր նետել Քովինգթոնին, ինչին ամերիկացին պատասխանել էր դրական։

«Նա հաղթել է բոլորին RAF-ում, ես նույնպես հաղթել եմ բոլորին։ Նա շատ է խոսում, ես ուզում եմ փակել նրա բերանը»,- «RAF 08» մրցաշարին հաջորդած մամուլի ասուլիսին հայտարարել է հայ մարտիկը։

Նշենք, որ Քովինգթոնը խառը մենամարտերում վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2024 թվականի դեկտեմբերին՝ «UFC on ESPN 63» մրցաշարի շրջանակներում ուժերը չափելով Խոակին Բաքլիի հետ։ Այդ մենամարտում, որը դադարեցվել էր երրորդ ռաունդում, Քոլբին պարտություն էր կրել տեխնիկական նոկաուտով։ Ամերիկացու ակտիվում կա 17 հաղթանակ և 5 պարտություն։

Ինչ վերաբերում է Ծառուկյանին, ապա նա MMA-ում իր վերջին մենամարտն անցկացրել է 2025 թվականի նոյեմբերին՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ «UFC Fight Night 265» մրցաշարում, որտեղ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթանակ էր տարել Դեն Հուկերի նկատմամբ։

Leave a Comment