«Բարսելոնան» պարզապես պետք է էլիտար մակարդակի պաշտպաններ գտնի․ Անրի

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին կարծում է, որ թիմին խիստ անհրաժեշտ է ուժեղացնել պաշտպանական գիծը։ Ավելի վաղ կատալոնական ակումբը դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայի խաղարկությունից՝ քառորդ եզրափակչի երկու խաղի արդյունքով զիջելով Մադրիդի «Ատլետիկոյին» (0:2, 2:1):

««Բարսելոնան» պարզապես պետք է էլիտար մակարդակի պաշտպաններ գտնի։ Մենք կարող ենք ողջ գիշեր խոսել մրցավարների աշխատանքի մասին, բայց պետք է նաև օբյեկտիվորեն նայել ինքներս մեզ. այստեղ շատ բաներ կան, որոնք արժե բարելավել, և «Բարսելոնան» պարտավոր է անել դա: Եթե ոչինչ չփոխվի, հաջորդ 10 տարիներին էլ կտեսնենք նույն պատկերը, և դա սարսափելի է։

Այսպիսի կարևորագույն միջազգային հանդիպումներում նման պաշտպանական մոտեցմամբ խաղալը շատ բարդ է։ Ես արդեն երկու տարի է՝ բարձրաձայնում եմ այս մասին. այս «Բարսելոնան» մրցակցին շանսեր է տալիս անգամ այն ժամանակ, երբ տիրում է նախաձեռնությանը։

Մենք չենք կարող հույս դնել բարձր նշաձողի պահպանման վրա՝ առանց կայունության։ Կներեք, բայց «Բարսելոնային» խիստ անհրաժեշտ է հաջորդ մրցաշրջանում էլիտար կենտրոնական պաշտպաններ ձեռք բերել: Եթե ձեր թիմին չի հերիքում դիմացկունությունը կամ ճարպկությունը՝ ազատ տարածությունները փակելու համար, ապա դուք ձեզ իսկական մղձավանջի եք ենթարկում։ Սա պարզապես անհաջող երեկո չէր, սա կառուցվածքային խնդիր է, որն անհապաղ լուծում է պահանջում»,- Անրիի խոսքերն է մեջբերում CBS-ը:

Leave a Comment