Թուրքիան դարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների գերին. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանը, օգտագործելով իր լոբբին ու ազդեցությունը, խոչընդոտում է հայ-թուրքական սահմանի բացմանը, Ստամբուլում տեղի հայկական լրատվամիջոցների հետ ասուլիսում հայտարարել է Հայաստանի ազգային ժողովի նախագահը:

«Մի կողմից Ադրբեջանը բանակցում է մեզ հետ, մյուս կողմից՝ թույլ չի տալիս, որ Թուրքիան բանակցի մեզ հետ: Սա տարօրինակ իրավիճակ է: Թուրքիան դարձել է այս հարաբերությունների գերին»,- «Ակոս» օրաթերթի փոխանցմամբ՝ ասել է Ալեն Սիմոնյանը:

Ըստ ԱԺ նախագահի՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ակնառու խնդիրներ չկան. «Հայաստանը պատրաստ է բացել սահմանը, բայց Թուրքիան նոր քայլ չի ձեռնարկում»:

Այդ դեպքում ինչի՞ է սպասում Անկարան, միգուցե հայաստանյան խորհրդարանական ընտրությունների արդյունքներին. Ալեն Սիմոնյանն ասել է՝ ինքը չգիտի. «Սկզբից ասում էին, որ սահմանը չի բացվի, մինչև Լեռնային Ղարաբաղի խնդիրը չլուծվի: Հետո հայտարարեցին, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է: Դրանից հետո մեջտեղ բերեցին հայ – ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը: Մենք բանակցեցինք, համաձայնության եկանք 17 կետերի շուրջ, նախաստորագրեցինք այն, ձեռք սեղմեցինք, բայց դրանից հետո էլ ոչինչ տեղի չունեցավ»:

Leave a Comment