Հայաստանում Nestle-ի արտադրանքի մոտ 10 տոննա խմբաքանակ է ոչնչացվել – armeniatoday.am

Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի խոշոր խմբաքանակ է ոչնչացվել, քանի որ արտադրանքը ճանաչվել է վտանգավոր, հայտնել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ 

Ըստ տեսչական մարմնի հաղորդագրության՝ ընդհանուր առմամբ՝ ոչնչացվել է շուրջ 9700 կգ քաշով մանկական սնունդ։ Խմբաքանակը ներառում էր չոր, արագ լուծվող, ինչպես նաև կաթնային և կաթնաթթվային խառնուրդներ։

Գերատեսչությունից պարզաբանել են, որ որոշումը կայացվել է Ռուսաստանից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ նշված խմբաքանակներում կա վտանգավոր տոքսինի առկայության ռիսկ, ինչն անհամատեղելի է սննդամթերքի անվտանգության չափանիշների հետ։

Իրականացված վերահսկողության արդյունքում ՍԱՏՄ-ն որոշել է ամբողջությամբ հեռացնել շուկայից և ոչնչացնել տվյալ արտադրանքը: Գործընթացն իրականացվել է սահմանված կարգով՝ անվտանգության բոլոր կանոնների խիստ պահպանմամբ։

Հունվարին Nestle-ն ՀՀ-ում կամավոր կերպով հետ էր կանչել մանկական կաթնախառնուրդների սահմանափակ քանակի խմբաքանակներ՝ կապված արտաքին մատակարարից ստացված հումքի որակի վերահսկման միջոցառումների խստացման հետ։ 

Leave a Comment