ՔԿ-ն բացահայտել է բանակից խուսափելու փորձ. 4 անձի մեղադրանք է առաջադրվել

Քննչական կոմիտեն հայտնել է  զորակոչիկի, նրա մոր և ևս 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և նախաքննության ավարտի մասին: Ըստ գերատեսչության՝ նրանք մեղադրվում են զինվորական ծառայությունից ապօրինի ազատվելու նպատակով փաստաթղթեր կեղծելու և «փոխարինողի» միջոցով բժշկական հետազոտություն անցնելու մեջ։

ՔԿ-ի վարկածով՝ քաղաքացի Ժ.Ս.-ն կազմակերպմամբ՝ Ռ.Խ.-ին ազատելու համար որպես «փոխարինող» ընտրվել է Գ.Դ.-ն, ով դեռ 2022 թվականին առողջական խնդիրների պատճառով ոչ պիտանի էր ճանաչվել ծառայության համար: Քննության արդյունքներով պարզվել է, որ Գ.Դ.-ն պետք է ՄՌՏ հետազոտություն անցներ զորակոչիկի անունով, որպեսզի վերջինիս համար ապահովվեր անհրաժեշտ ախտորոշումը:

Գերատեսչությունը հայտնել է, որ 2024 թվականի մայիսի 30-ին զորակոչիկի մայրը՝ Ն.Հ.-ն, բժշկական կենտրոն է ուղեկցել ոչ թե իր որդուն, այլ Գ.Դ.-ին: Նրանք ներկայացրել են զորակոչիկի ծննդյան վկայականը, ինչից հետո Գ.Դ.-ն նրա փոխարեն անցել է ՄՌՏ հետազոտություն: Բժիշկը, չկասկածելով խաբեության մասին, կազմել է բժշկական փաստաթուղթ, որն արտացոլում էր հետազոտված անձի առողջական խնդիրները, հայտնել են ՔԿ-ից։

Ըստ քննության՝ ստացված կեղծ փաստաթուղթը զորակոչիկը ներկայացրել է զինկոմիսարիատ, սակայն պարզվել է, որ 2024 թվականի ապրիլին ուժի մեջ մտած կառավարության որոշման համաձայն՝ տվյալ հիվանդությունն այլևս ազատման հիմք չէ: Ըստ ՔԿ-ի՝ արդյունքում Ռ.Խ.-ն ոչ միայն չի ազատվել բանակից, այլև ճանաչվել է «սահմանափակումով պիտանի» զինվորական ծառայության համար։

Զորակոչիկ Ռ.Խ.-ին մեղադրանք է առաջադրվել փաստաթղթերի կեղծման և օգտագործման համար: Նրա մորը և հետազոտությունն անցած «փոխարինողին» մեղադրում են նույն արարքը մի խումբ անձանցով և նախնական համաձայնությամբ կատարելու մեջ, իսկ այդ ամենի կազմակերպիչ Ժ.Ս.-ին՝ այդ ամենը կազմակերպելու և ղեկավարելու համար:

ՔԿ-ից հայտնել են, որ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար:

Leave a Comment