Ճապոնիայի հյուսիս-արևելյան ափերի մոտ տեղի է ունեցել 7,5 մագնիտուդով երկրաշարժ։ Իշխանությունները բնակիչներին կոչ են արել հեռու մնալ առափնյա գոտիներից, որտեղ սպասվում են մինչև 3 մետր բարձրությամբ ցունամիի ալիքներ։
Պաշտոնական տվյալներով՝ ամենաուժեղ ալիքները կանխատեսվում են Հոնսյու կղզու հյուսիսային հատվածում՝ Իվատե և Աոմորի պրեֆեկտուրաներում, ինչպես նաև Հոկայդո կղզում։
Երկրաշարժից մոտ մեկ ժամ անց արդեն արձանագրվել են մինչև 80 սմ բարձրությամբ ցունամիի ալիքներ, սակայն զգուշացումը շարունակում է գործել՝ մինչև 3 մետր բարձրությամբ ալիքների հավանականության վերաբերյալ։
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ կառավարությունը ստեղծել է արտակարգ իրավիճակների շտաբ և կոչ է արել տուժած շրջանների բնակիչներին տարհանվել անվտանգ վայրեր։
«Հնարավոր վնասների և զոհերի վերաբերյալ տվյալները ներկայումս ճշտվում են»,- Տոկիոյում լրագրողներին հայտնել է Տակաիչին։
