Գառնիկ Չոլաքյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Գառնիկ Չոլաքյանը 60 կգ քաշային կարգում փոխչեմպիոն հռչակվեց՝ երկամարտում գրանցելով 274 կգ արդյունք։ Մեր ծանրորդն ընդամենը 1 կգ զիջեց բուլղարացի Անգել Ռուսևին։

Պոկում վարժությունում Չոլաքյանը առաջին մոտեցմամբ պոկեց 120 կիլոգրամանոց ծանրաձողը: Երկրորդ մոտեցման համար պատվիրած 124 կիլոգրամը մեր ծանրորդը երկրորդ փորձից կարողացավ պահել գլխավերևում։ Այս արդյունքով Չոլաքյանը վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ 1 կգ զիջելով վրացի Գոդերձի Բերդելիձեին։

Հրում վարժությունը մեր ծանրորդը սկսեց 145 կիլոգրամից և հաջողությամբ հրեց։ Երկրորդ մոտեցմամբ Չոլաքյանը հրեց նաև 150 կգ։ 156 կիլոգրամանոց ծանրաձողը նա չկարողացավ գլխավերևում պահել՝ հրում վարժությունում զբաղեցնելով 3-րդ տեղը։

Երեկ մեկնարկած Եվրոպայի առաջնությունում սա մեր առաջին մեդալն էր։ Երեկ 53 կգ կանանց պայքարում Տանզելա Գրիգորյանը զբաղեցրել էր 6-րդ, իսկ Իզաբելլա Յայլյանը՝ 9-րդ հորիզոնականը։

Այսօր՝ 18։00-ին, 58 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի նաև Ալեքսանդրա Գրիգորյանը։ 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment