Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում վարար անձրևի հետևանքով Գետառը վարարել ու հեղեղել է փողոցներն ու տները, հայտնել են բնակիչները։
Համայնաբնակ Սերյոժա Գրիգորյանն Armenia Today-ին պատմեց, որ ջուրը լցվում է որոշ մարդկանց բակեր, տներ և հողամասեր՝ ստեղծելով անհարմարություններ։ Նրա պարզաբանմամբ՝ գետը մոտավորապես 10 տարի առաջ է նորմալ մաքրվել, իսկ դրանից հետո «ձևականորեն մաքրել են տրակտորով, ինչն արդյունք չի տվել»։
Գրիգորյանի խոսքով՝ ստեղծված վիճակի հիմնական պատճառն այն է, որ գյուղի վերևում կառուցված մեծ ֆերմաներից գոմաղբը և հարակից տարածքներում գտնվող գործարանների թույները լցվում են գետը։ Սա ոչ միայն բերել է վարարման խնդրի, այլև ջուրն է ոռոգման համար անպիտան դարձել, ինչի հետևանքով ջրելուց հետո ծառ ու ծաղիկ չորանում են։
Գրիգորյանը նշեց, որ կառավարությունից խնդրին լուրջ չեն վերաբերվում, հեղեղման համար Փրկարար ծառայությունն է եկել համայնք, մինչդեռ պատճառը պետք է վերացնել։ Բնակչի պնդմամբ՝ լուծումը ոչ միայն գոմաղբի ու թույների ճանապարհները փակելն է դեպի գետ, այլև ամուր պանելների տեղադրումը՝ որպես պատնեշ, ինչը կառավարության անելիքն է։
Զրուցակցի խոսքով՝ վիճակն ավելի տեսանելի է երեկոյան ժամերին, իսկ առավոտյան, համեմատաբար, ջուրը հետ է քաշվում։
Արաքսյա Սնխչյան
