Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին

Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով նոր հարված են հասցրել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքին: Հարձակման թիրախում են եղել տեղի նավթավերամշակման գործարանը և նավահանգիստը:

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի փոխանցմամբ՝ Տուապսեի նավահանգստում հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս մեկը ստացել է վնասվածքներ:

Հարվածից հետո հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանի տարածքում, մասնավորապես՝ ռեզերվուարային պարկում: Ականատեսները հայտնում են մի քանի խոշոր հրդեհի օջախների մասին:

Բեկորներից վնասվել են մի շարք շենքերի ապակիներ, այդ թվում՝ նախակրթարանի, մանկապարտեզի, թանգարանի և եկեղեցու շենքերը:

Տուապսեն նավթի արտահանման համար Սև ծովում Ռուսաստանի ամենակարևոր նավահանգիստներից մեկն է: Այնտեղ է գտնվում նաև Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերության՝ «Ռոսնեֆտի» պատկանող նավթավերամշակման գործարանը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները և «Kyiv Independent»-ի տվյալները փաստում են, որ Ռուսաստանի նավթային ոլորտը լուրջ կորուստներ է կրել։

Ըստ Զելենսկու՝ նավթային ենթակառուցվածքներին հասցված հարվածների պատճառով Ռուսաստանը զրկվել է առնվազն 2,3 միլիարդ դոլարի եկամտից։

«Kyiv Independent»-ի տվյալներով՝ ապրիլ ամսվա դրությամբ Ռուսաստանի նավթի արտահանման հզորությունների շուրջ 40%-ը շարքից դուրս է եկել:

Leave a Comment