Որպես կանոն կաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ։ Սակայն շատերը չգիտեն, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման է դրված նախագիծ՝ կաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության նոր կարգի մասին։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը ուսումնասիրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հանրային քննարկման դրված նախագիծը։
Ինչու՞ է անհրաժեշտ նոր կարգ
Հիմնավորման համաձայն՝ գործող կարգում չկա սահմանված կաթի ընդունման կետի, կաթ ընդունողի և փորձաքննության հետ կապված հասկացությունները։
Հիմնավորման համաձայն՝ խմբաքանակի և փորձաքննության հետ կապված կան առանձնակի յուրահատկություններ, ինչին մշտապես բախվում են տնտեսավարողները։
Ի՞նչ նոր հասկացություններ են սահմանվում
Նախագծի համաձայն՝ սահմանվում են՝
- առանձին խմբաքանակ՝ մեկ տնտեսությունից հավաքած արտադրանք,
- միավորված խմբաքանակ՝ տարբեր տնտեսություններից հավաքած արտադրանքի միավորների հավաքածու, արտադրված միևնույն օրը՝ լցված ցիստեռնի կամ տարայի մեջ,
- կաթի ընդունման կետ՝ կաթի ընդունման առաջնային կետ, որտեղից հավաքված կաթը պահվում, պահպանվում և փոխադրվում է գործարան՝ վերամշակման։
Վերամշակման ենթակա կաթի փորձաքննություն
Նախագծի համաձայն՝ վերամշակման ենթակա կաթը՝
- ամեն օր ստուգվում է՝ արտաքին տեսքը, կոնսիստենցիան, գույնը, համը և հոտը, ջերմաստիճանը, ճարպի զանգվածային մասը, սպիտակուցի զանգվածային մասը, կաթի չոր յուղազերծ նյութերի զանգվածային մասը, խտությունը, թթվայնությունը,
- առնվազն ամիսը մեկ անգամ՝ սոմատիկ բջիջների, պոտենցիալ վտանգավոր նյութերի (հակաբիոտիկների) առկայության համար,
- վեց ամիսը մեկ անգամ՝ թունավոր տարրերի, միկոտոքսինների, թունաքիմիկատների, ռադիոնուկլիդների, միկրոօրգանիզմների առկայությունը պարզելու համար։
Շուկաներում կաթի փորձաքննություն
Նախագծի համաձայն՝ շուկաներում նախքան վաճառքը կաթը ամեն օր ստուգվում է՝ արտաքին տեսքը, կոնսիստենցիան, գույնը, համը և հոտը, ջերմաստիճանը, ճարպի զանգվածային մասը, սպիտակուցի զանգվածային մասը, խտությունը, թթվայնությունը։ Փորձաքննությունը իրականացվում է մեկ ժամվա ընթացքում։
Հավատարմագրված լաբորատորիաներ
Հիմնավորման համաձայն՝ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը այլևս գործունեության ծանուցման տեսակ չի համարվում։
Նախագծի համաձայն՝ փորձաքննությունը սոմատիկ բջիջների, պոտենցիալ վտանգավոր նյութերի, թունավոր տարրերի, միկոտոքսինների, թունաքիմիկատների, ռադիոնուկլիդների, միկրոօրգանիզմների առկայությունը պարզելու համար իրականացվում է հավատարմագրված լաբորատորիաներում։
Ե՞րբ է ուժի մեջ մտնում
Նախագծի համաձայն՝ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո։
Քննարկման ժամկետ
Նախագիծը հանրային քննարկման վրա է 2026 թվականի ապրիլի 18-ից մայիսի 8-ը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Iravaban.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։