ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում ապրիլի կայացած «RAF 08» ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հայ մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը շարունակել է իր տպավորիչ հաղթարշավը։
Մրցաշարի գլխավոր իրադարձության շրջանակներում 29-ամյա Ծառուկյանը գոտեմարտել է UFC-ի չեմպիոնական տիտղոսի նախկին հավակնորդ, 46-ամյա ամերիկացի վետերան Յուրայ Ֆայբերի հետ: Դիմակայությունն անցել է հայ մարզիկի բացահայտ առավելությամբ և ավարտվել ժամանակից շուտ։ Երրորդ ռաունդի միջնամասում Արմանը, գրանցելով բացահայտ տեխնիկական առավելություն, հաղթանակ է տարել 13։1 հաշվով:
Այս հաջողությունը Ծառուկյանի համար չորրորդ անընդմեջն էր RAF-ի ըմբշամարտի մրցաշարերում, ինչն էլ ավելի է ամրապնդում նրա՝ որպես լիգայի գլխավոր առաջատարներից մեկի կարգավիճակը:
Հիշեցնենք, որ խառը մենամարտերում (MMA) Արման Ծառուկյանի ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։ Նրա մրցակից Ֆայբերը, ով իր պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է 2003-2019 թվականներին, MMA-ում գրանցել է 35 հաղթանակ և 11 պարտություն:
Տպավորիչ ելույթից անմիջապես հետո հայ մարտիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ արդեն համաձայնության է եկել հաջորդ գոտեմարտի համար։ Նրա նոր մրցակիցը կլինի աղմկահարույց Քոլբի Քովինգթոնը: Ակնկալվում է, որ այս սպասված սուպերմենամարտը տեղի կունենա RAF-ի առաջիկա մրցաշարերից մեկի ընթացքում: