ԻՐԱԶԵԿՈՒՄ․ Կառավարությունը կփոխհատուցի գյուղատնտեսական դիզվառելիքի ծախսերի մի մասը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հանրային քննարկման դրված  նախագիծը, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է իրականացնել գյուղատնտեսական աշխատանքների համար ձեռք բերված դիզելային վառելիքի ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիր՝ աջակցելու ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին։

Ինչո՞ւ է ծրագիրը անհրաժեշտ

Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և էներգակիրների շուկայում արձանագրված գնաճի հետևանքով դիզելային վառելիքի գինը զգալիորեն աճել է։ Սա հավելյալ ֆինանսական բեռ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողների համար, հատկապես գարնանային աշխատանքների սեզոնին։

Վառելիքի թանկացումը բարձրացնում է գյուղատնտեսական աշխատանքների ինքնարժեքը, ինչի հետևանքով կարող են կրճատվել ցանքատարածությունները և նվազել արտադրության ծավալները։

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է մեղմել գնաճի ազդեցությունը և ապահովել գյուղատնտեսական աշխատանքների անխափան իրականացումը՝ տնտեսավարողներին հնարավորություն տալով դիզելային վառելիք ձեռք բերել ավելի մատչելի պայմաններով։

Ովքե՞ր կարող են օգտվել

Ծրագրի շահառուներ կարող են լինել՝

  • գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք,
  • անհատ ձեռնարկատերեր,
  • գյուղատնտեսական տեխնիկայով ծառայություններ մատուցող անձինք։

Ի՞նչ պայմաններով է տրամադրվում փոխհատուցումը

  • Փոխհատուցումը տրամադրվում է, եթե դիզելային վառելիքի 1 լիտրի գինը գերազանցում է 500 դրամը։
  • Փոխհատուցման չափը կազմում է վաճառքի գնի և 500 դրամի տարբերությունը, բայց ոչ ավելի քան 200 դրամ յուրաքանչյուր լիտրի համար։
  • Մեկանգամյա գնման ծավալը պետք է լինի առնվազն 10 լիտր։
  • 1 հեկտար հողատարածքի հաշվով փոխհատուցվում է առավելագույնը 50 լիտր վառելիք։

Ի՞նչ ժամկետներում է գործում ծրագիրը

Ծրագիրը կիրականացվի որոշման ուժի մեջ մտնելու պահից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը ձեռք բերված վառելիքի համար։

Ինչպե՞ս է իրականացվում գործընթացը

  • Շահառուները ներկայացնում են անհրաժեշտ փաստաթղթերը համայնքապետարան։
  • Համայնքի ղեկավարը ստուգում է տվյալները և իրականացնում մոնիթորինգ։
  • Տվյալները փոխանցվում են մարզպետի աշխատակազմ և այնուհետև՝ նախարարություն։
  • Դրական եզրակացության դեպքում գումարները փոխանցվում են շահառուների բանկային հաշիվներին։

    Մարզպետի աշխատակազմը սահմանված պետական բյուջեի միջոցներով փոխանցման ենթակա գումարը 10 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի կամ բնակավայրի միջոցով փոխանցում է շահառուների բանկային հաշվեհամարներին՝ մարզպետի աշխատակազմի և համայնքի կամ բնակավայրի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

Ֆինանսավորում

Ծրագրի իրականացման համար 2026 թվականին նախատեսվում է շուրջ 2 միլիարդ դրամ պետական աջակցություն։ Կանխատեսման հիմք է հանդիսացել այն, որ գյուղատնտեսական տարվա համար պահանջվում է շուրջ 20000  տոննա դիզելային վառելիք, իսկ միայն գարնանային աշխատանքների համար՝ շուրջ 15000 տոննա, որից մեր կանխատեսմամբ շուրջ 5000 տոննան արդեն ձեռք է բերվել, հետևաբար կանխատեսվում է, որ ծրագրի շրջանակում կսուբսիդավորվի 10000 տոննա դիզելային վառելիքի ձեռք բերումը, որը կկազմի շուրջ 2 մլրդ դրամ՝ 1 լիտրի համար սուբսիդավորելով 200 դրամ:

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Ծրագրի շնորհիվ՝

  • կնվազի գյուղատնտեսական արտադրության ինքնարժեքը,
  • կկանխվի ցանքատարածությունների կրճատումը,
  • կպահպանվեն արտադրության ծավալները,
  • կզսպվի գյուղմթերքի գնաճը։

Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net։

Leave a Comment