2026 թվականի ապրիլի 17-ին Վայոց Ձորի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել բռնության կոչ անելու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է Ռիմա Առաքելյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։
Դեպքի հանգամանքները
Ա․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, 2025թ. հունվարի 14-ին՝ ժամը 17:15-ին, «Facebook» սոցիալական ցանցում իր կողմից վարվող «A․ M․» անվամբ գրանցված էջի բաց հարթակում՝ այսինքն տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, կատարել է քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց խմբի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչ պարունակող բառացի հետևյալ գրառումը.
«Դիշովկաները ազգի ունեցվածքը թալանել են տարեցներին 37000 դրամ թոշակ կոչված են տալիս էտել կոմունալ վճարի տակ ձեռներից վերցնում են որպես: Ահավոր վիճակա քոռ լևոնին, քոչարյան կոչվածին սերժիկին, նիկոլ փաշինյանին բոլորին գնդակահարել որպես ազգի դավաճան թալանչի տականքներ», իսկ նույն օրը՝ ժամը 23:45-ին, նույն եղանակով նույն անձանց նկատմամբ կատարել է քաղաքական հայացքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչ պարունակող հետևյալ բառացի գրառումը. «Թոշակառուներ նման ցածր թշվառ թոշակի տրամադրման դեպքում էտ ՀՀ կոչվածը պարտավորա վճարի ձեր կոմունալ ծախսերը Գազ էլեկտրաէներգիա, ջուր: Բժշկության տակ հաշվառված թոշակառուներին ՀՀ կոչվածը պարտավոր է տրամադրի դեղորայք ըստ պահանջի, վճարի կոմունալ ծախսերը գազ, էլեկտրաէներգիա, ջուր: Հայաստանի Հանրապետություն կոչվածը 34 տարիյա ազգին թալանելա և շարունակումա թալանել ունեզրկելա ազգին և խլելա ազգին պատկանող ամեն ինչ: Գնդակահարել նիկոլ փաշինյան, սերժ սարգսյան, ռոբերտ քոչարյան, լևոն տեր պետրոսյան կոչված անձանց որպես ազգի դավաճան ազգասպան թալանչիների»:
Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։
Ա․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: