Կաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության նոր կարգավորման մասին

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հանրային քննարկման դրված «Կաթի և կաթնամթերքի անանսնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու մասին» նախագիծը, որի ընդունումը կնպաստի առավել արդյունավետ իրականացնել վերահսկողությունը և վերանայել որոշ խնդրահարույց դրույթներ։  

Ի՞նչն է փոփոխության նպատակը

Նախագծերի ընդունումը պայմանավորված է գործող կարգում առկա բացերի լրացման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես՝

  • բացակայում են մի շարք հիմնարար հասկացություններ (կաթի ընդունման կետ, կաթ ընդունող, փորձաքննության ընթացակարգ),
  • հստակ կարգավորված չեն խմբաքանակների առանձնահատկությունները,
  • սահմանված չեն փորձաքննության իրականացման հստակ չափանիշներն ու ժամկետները։

Նոր կարգավորմամբ նախատեսվում է այս բոլոր հարցերը հստակեցնել առանձին կառավարության որոշմամբ։

Ի՞նչ է փոխվելու

Նախագծով առաջարկվում է՝

  • սահմանել կաթի առանձին և միավորված խմբաքանակների հասկացությունները,
  • հստակեցնել, թե որ կաթն է ենթակա վերամշակման կամ շուկայում իրացման,
  • սահմանել լաբորատոր փորձաքննության ցուցանիշները, պարբերականությունն ու ժամկետները,
  • կարգավորել նմուշների վերադարձման ընթացակարգը,
  • սահմանել, թե որ արտադրանքները փորձաքննության ենթակա չեն։

Միևնույն ժամանակ, փորձաքննությունը կիրականացվի միայն հավատարմագրված լաբորատորիաներում՝ վտանգավոր նյութերի, միկրոօրգանիզմների և այլ ցուցանիշների հայտնաբերման նպատակով։

Ի՞նչ փոփոխություններ են կատարվում այլ իրավական ակտերում

  • Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 2021 թվականի N 156-Ն որոշման՝ կաթին վերաբերող դրույթները։
  • Փոփոխություններ են կատարվում 2010 թվականի N 1499-Ն որոշման մեջ՝ անասնաբուժական վկայականում լրացուցիչ տվյալների ներառմամբ (կենդանու առողջական վիճակ, կաթի ծագում և այլն)։
  • Լրացումներ են կատարվում 2011 թվականի N 34-Ն որոշման մեջ՝ սահմանելով կաթի ընդունման կետերի և փոխադրման պահանջները։

Նոր պահանջներ և վերահսկողություն

Նախագծով սահմանվում են կաթի ընդունման կետերին ներկայացվող հստակ պահանջներ, ինչպես նաև համապատասխան ստուգաթերթերի ներդրում՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու համար։

Օրենսդրական հիմք

Նախագիծը բխում է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում կատարված փոփոխություններից և ուղղված է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների հստակեցմանը։

Ֆինանսական ազդեցություն

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի վրա լրացուցիչ ֆինանսական բեռ չի առաջանա։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծի ընդունումը կնպաստի՝

  • վերահսկողության արդյունավետության բարձրացմանը,
  • ոլորտում առկա խնդիրների կարգավորմանը,
  • սննդամթերքի անվտանգության մակարդակի բարելավմանը։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո։

Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net։

Leave a Comment