Կիևում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել 10-ը, այդ թվում՝ երեխա, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Անհայտ անձը կրակել է պատահական անցորդների ուղղությամբ, իսկ հետո թաքնվել է մոտակա առևտրի կենտրոնում։ Այնտեղ նա պատանդներ է վերցրել, հնչել են կրակոցի ձայներ։
Հատուկջոկատայինները վնասազերծել են կրակոցներ արձակող տղամարդուն։ Նա սպանվել է առևտրի կենտրոնում։ Հայտնաբերվել է նաև հրացանը, որով նա կրակ է արձակել։ Նշվում է, որ ահաբեկչը որևէ պահանջ չի ներկայացրել։
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ կրակոցներ արձակողը ռուսական բանակի նախկին փոխգնդապետ 58-ամյա Դմիտրի Վասիլչենկովն է, որը բնակվում էր Կիևում։ Դրդապատճառները պարզվում են։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ վեց մարդու սպանած տղամարդը նախկինում ունեցել է քրեական անցյալ։ Նրա կապերը ՌԴ-ի հետ ու դրդապատճառները ներկայումս քննվում են։ Ուսումնասիրվում են նրա հեռախոսը, էլեկտրոնային սարքերը և կոնտակտները։
