Իրանը նոր պայմաններ է առաջ քաշում ԱՄՆ-ին

Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարը Թեհրան կատարած այցի ընթացքում Իրանին է փոխանցել ԱՄՆ-ի կողմից ներկայացված նոր առաջարկները։ Այդ մասին գրում են միջազգային լրատվամիջոցները։

Իրանի Բարձրագույն ազգային անվտանգության խորհուրդը, անդրադառնալով իրավիճակին, հայտարարել է, որ Թեհրանը չի պատրաստվում նահանջել իր դիրքերից և չի դիտարկում միակողմանի զիջումների տարբերակ։ Ըստ հայտարարության՝ հնարավոր հրադադարի հիմնական պայմանը դրա հաստատումն է բոլոր ուղղություններով, ներառյալ Լիբանանը։

Միաժամանակ Իրանը մտադիր է շարունակել վերահսկել Հորմուզի նեղուցով անցնող ծովային երթևեկությունը մինչև ռազմական գործողությունների ավարտը։ Նշվում է, որ հրադադարի պահպանման դեպքում նեղուցը կարող է ժամանակավորապես բացվել, սակայն միայն առևտրային նավերի համար։

Այդ դեպքում անցումը կիրականացվի Իրանի զինված ուժերի վերահսկողության ներքո և հատուկ թույլտվությամբ, մինչդեռ «թշնամական երկրների» ռազմանավերի և նավերի մուտքը կմնա սահմանափակված։

Leave a Comment