Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման կոչ է արել

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից ապրիլի 16-ին միաձայն ընդունված համապարփակ բանաձևը, որը կոչ է անում ապահովել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացումը՝ միջազգային անվտանգության երաշխիքների առկայությամբ։

Սա նոր կարևոր հանգրվան է Բելգիայի և Հայաստանի հարաբերություններում, ինչը ոչ միայն ամրապնդում է երկու երկրների կապերը, այլ նաև աջակցություն է ցուցաբերում Հայաստանի եվրոպական ինտեգրմանը, ասվում է հաղորդագրությունում։ 

Պատգամավոր Միշել Դը Մագդի կողմից ներկայացված բանաձևը, որը նախապես միաձայն ընդունվել էր արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ի թիվս այլնի կոչ է անում ապահովել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացումը՝ միջազգային անվտանգության երաշխիքների առկայությամբ։ Ըստ բանաձևի՝ անվտանգ վերադարձը հնարավոր չէ առանց միջազգային գործուն մեխանիզմի։

Բանաձևով նաև պահանջվում է Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերում ՀՀ ինքնիշխան տարածքից՝ դրանք վերադարձնելով 2021թ․ մայիսի 12-ի դրությամբ զբաղեցրած դիրքերին։ Բացի այդ, բանաձևն անդրադառնում է Բաքվում ներկայումս պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների ճակատագրին, ներառյալ՝ Արցախի քաղաքական ղեկավարությանը, որոնց կալանքը շարունակում է մնալ լուրջ մարդասիրական խնդիր։

«Բելգիայի Ներկայացուցիչների պալատը ևս մեկ անգամ հստակ և սկզբունքային դիրքորոշում է որդեգրել։ Հայաստանի և Բելգիայի միջև կապերի խորացումը դրական քայլ է ապագայի համար, այնուամենայնիվ այն պետք է հիմնված լինի նաև հայ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության վրա։ Այժմ մենք Բելգիայի կառավարությունից ակնկալում ենք ապահովել, որ այս պահանջները վերածվեն կոնկրետ դիվանագիտական գործողությունների»,- նշել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակն ակնկալում է, որ Բելգիայի կառավարությունը շուտափույթ քայլեր կձեռնարկի՝ այս բանաձևի հիմքով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և տարածաշրջանում արդար ու կայուն խաղաղություն ապահովելու համար։

Ապրիլի 18-ին Բրյուսելում քննարկվել էին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և ինքնության պահպանման հարցեր։ Հանդիպման առանցքում էին Արցախի ժողովրդի ներկայիս իրավիճակը, բռնի տեղահանման հետևանքները և միջազգային հարթակներում ինքնության պահպանմանն ուղղված քայլերը։

Leave a Comment