ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է եվրոպական երկրների վիզաների հերթագրման խնդրին՝ ընդգծելով, որ այն հիմնականում պայմանավորված է դեպի Եվրոպական միություն ուղևորահոսքի կտրուկ աճով։
Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին արձանագրվել է զգալի աճ դեպի ԵՄ երկրներ մեկնելու ցուցանիշներում։
«Եթե 2017 թվականին դեպի Եվրամիության երկրներ մեկնել է, օրինակ, 1000 մարդ, ապա 2025 թվականին այդ թիվը հասել է 5800-ի՝ աճելով շուրջ 580 տոկոսով»,- նշել է նա՝ ընդգծելով, որ խոսքը այն քաղաքացիների մասին է, որոնք արդեն ստացել են վիզա։
Փաշինյանի խոսքով՝ եվրոպական գործընկերները նման աճ չէին կանխատեսել, ինչի հետևանքով առաջացել են հերթագրման խնդիրներ։
«Նրանք բյուջետային պլանավորում էին կատարել՝ չնախատեսելով նման մեծ հոսք Հայաստանից»,- ասել է վարչապետը։
Նա տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը մի քանի տարի է զբաղվում է այս հարցով և ակտիվ բանակցություններ է վարում Եվրամիության հետ՝ վիզաների ազատականացման ուղղությամբ։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանը միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն բանակցում է վիզաների ազատականացման շուրջ, և ակնկալվում է հնարավորինս արագ դրական արդյունք։
Փաշինյանը նաև նշել է, որ վիզաների հերթագրման հարցը բարձրացվել է եվրոպացի գործընկերների հետ հանդիպումների ընթացքում և կրկին կքննարկվի առաջիկա Հայաստան–Եվրամիություն գագաթաժողովի շրջանակում։
Անդրադառնալով ավիատոմսերի մատչելիությանը՝ վարչապետը նշել է, որ շուկայում առկա են նաև շատ էժան առաջարկներ՝ օրինակ բերելով 2 եվրոյով ավիատոմսի դեպքը։ Նրա խոսքով՝ գները փոփոխական են, սակայն կառավարության քաղաքականությունն ուղղված է մատչելի ավիափոխադրումների խթանմանը։
Վարչապետը նաև կարևորել է թոշակառուների ճամփորդելու հնարավորությունների ընդլայնումը՝ ընդգծելով, որ ճամփորդությունը բարեկեցության կարևոր բաղադրիչ է, և պետությունը նպատակ ունի աստիճանաբար ապահովել այդ հնարավորությունները նաև տարեցների համար։
«Երբ խոսք էր գնում 2 եվրոյով տոմս լինելու կամ չլինելու մասին, ուզում եմ նշել, որ իմ ելույթի պահին, երբ ես սկսել եմ դրա մասին խոսել, հաջորդ օրվա՝ ամսի 19-ի համար, եղել է 2 եվրոյով տոմս։ Գիտեք, որ գները լողացող են։ Քննարկումներ կային, որ ես ասում եմ՝ թոշակառուները կարող են բարձրացրած թոշակով օգտվել։ Այո, կարող են․ եթե տոմսը 2 եվրո է, դա մոտավորապես 900 դրամ է ստացվում, և բնականաբար 10000 դրամով քանի տոմս կարելի է գնել։
Ընդհանուր առմամբ, թոշակառուների հետ կապված մեր խնդիրները լուծելիս մենք պետք է նկատի ունենանք, որ միջազգային կյանքում ընդունված է՝ մարդիկ թոշակի անցնելուց հետո ճամփորդում են։ Մենք էլ այդպիսի նպատակադրում ունենք։ Ո՞վ է ասել, որ մարդը թոշակային տարիքում պետք է գամված լինի իր տանը կամ բակին։ Մարդիկ պետք է ճամփորդեն։ Պարզ է, որ այսօր այդ հնարավորությունները չունեն, բայց մենք նոր ենք հաղթահարում նվազագույն սպառողական զամբյուղի շեմը, և համատեղ աշխատանքի արդյունքում համոզված եմ, որ այս խնդիրը նույնպես կլուծենք»,-ասել է վարչապետը։