Բրյուսելում քննարկվել են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և ինքնության պահպանման հարցեր

Բրյուսելում տեղի է ունեցել Բելգիայի հայ համայնքի սոցիալ-մշակութային կենտրոնի՝ «Հայ Տան» ներկայացուցիչների հանդիպումն Արցախի պաշտոնական պատվիրակության հետ։

Հանդիպման առանցքում էին Արցախի ժողովրդի ներկայիս իրավիճակը, բռնի տեղահանման հետևանքները և միջազգային հարթակներում ինքնության պահպանմանն ուղղված քայլերը։

Արցախյան պատվիրակության կազմում Բելգիա են այցելել ԱՀ ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱԺ նախագահի խորհրդական Արա Պուլուզյանը։

Քննարկումների ընթացքում հատուկ շեշտադրվել է մշակույթի դերը՝ որպես ազգային դիմակայության և շարունակականության հիմնասյուն։ Կողմերը դիտարկել են արցախյան մշակութային ժառանգության պահպանման հնարավորությունները և Հայաստանում գործող արցախյան մշակութային օջախներին աջակցելու մեխանիզմները։

«Հայ Տունը»՝ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ, վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ դառնալու ներկայացուցչական հարթակ Բրյուսելում Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության համար։ Կենտրոնը շարունակելու է սոցիալական և մարդասիրական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև եվրոպական հարթակներում արցախյան արժեքների հանրայնացումը։

Որպես մշակութային կապերի ամրապնդման օրինակ՝ նշվել է նաև Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հյուրընկալումը Բելգիայում, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է կենտրոնի հանձնառությունը՝ վառ պահելու արցախյան մշակութային կյանքը Եվրոպայում։

Leave a Comment