
Եվ պատերազմի ընթացքում մենք ունեցանք պարտություններ, ոչ միայն Արցախում, այլ նաեւ ադրբեջանցիներն ավելի արագ հայտնվեցին մեր սահմանամերձ բնակավայրերում, զբաղեցրեցին մեր ռազմավարական դիրքերը, եւ դա այսօր հիմք է հանդիսանում, որ բանակցային գործընթացում իրենք ունենան առավելություններ։ Ոչինչ չարվեց Արցախի շրջափակումն ու հայաթափումը կանխելու համար»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով՝ այսօր ունենք հետեւյալ իրավիճակը՝ հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքում մեր առողջ, միասնական, երիտասարդ ու զարգացող մարմինն ուղղակի անդամատված է, հաշմված, որովհետեւ մենք այսօր գործ ունենք հաշմված տրամաբանությամբ իշխանությունների հետ, որոնք բերել են մեր երկրի շարունակական անկման ու նսեմացման։
«Կարելի է ասել՝ մեր ժողովրդի գիտակից մասը, մեծ մասը սա գիտակցում է, եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում սրա դեմը պետք է առնեն՝ թույլ չտալով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2026 թվականին նորից վերարտադրվի եւ մեր երկիրը տանի շարունակական անկման։ Սա նաեւ ազգային արժանապատվության վերականգնման խնդիր է»։ Սեյրան Օհանյանի խոսքով՝ փոխվել են մեղադրյալի եւ մեղադրողի կարգավիճակները, Հայաստանը փոխանակ մեղադրի Ադրբեջանին՝ որպես հանցագործի, այսօր հայտնվել ենք մեղադրյալի կարգավիճակում՝ առանց պաշտպանի։ Մենք հրաժարվել ենք մեր բոլոր պահանջներից, մեր շահերից բխող բոլոր գործողություններից։