«Օհանյան» կրթահամալիրը ստացել է անգլերենով միջազգային կրթական ծրագրերի իրականացման թույլտվություն

ՀՀ Կառավարության որոշմամբ «Օհանյան» կրթահամալիրը պաշտոնապես ստացավ թույլտվություն ավագ դպրոցում միջազգային բակալավրիատի ծրագիրն (IB DP) ամբողջությամբ իրականացնելու անգլերենով` համալրելով Հայաստանում գործող միջազգային դպրոցների շարքը։

Ըստ Հանրակրթության մասին օրենքի 7-րդ հոդվածի 6․1 կետի՝ այդ դպրոցների թիվը երկրում չի կարող գերազանցել 4-ը։ Օրենքով դեռևս սահմանափակված է ցածր դասարաններում այլ լեզուներով ամբողջական ծրագրերի իրականացումը։

«Օհանյան» կրթահամալիրը հանդիսանում է Միջազգային բակալավրիատի (IB) ցանցի անդամ՝ առաջարկելով աշխարհի լավագույն բուհերի կողմից ճանաչված «Դիպլոմա» ծրագիրը (Diploma Programme – IB DP): Դպրոցի միջազգային կարգավիճակը և անգլերենով ուսումը լուծում է նաև հայրենադարձ ընտանիքների և Հայաստանում բնակվող օտարազգի մասնագետների ամենակարևոր խնդիրներից մեկը՝ երեխաների լեզվական, կրթական և սոցիալական արդյունավետ ինտեգրումը, որը հանդիսանում է երկրում արմատավորվելու կարևորագույն նախապայման։

Ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ միայն Հայաստանում բնակվող աշակերտներին, այլև հայրենադարձներին և օտարազգի սովորողներին ստանալ բարձրակարգ, անգլալեզու կրթություն հայրենիքում։ Միևնույն ժամանակ այն նպաստում է ազգային արժեքների և ինքնության պահպանմանը և զարգացմանը, իսկ օտարազգի ընտանիքների համար ապահովում է սահուն ինտեգրում հայաստանյան միջավայրին՝ առանց միջազգային չափանիշներին համապատասխան կրթական գործընթացի ընդհատման։

Միջազգային ծրագրերի, մասնավորապես` IB DP ծրագրի շրջանավարտները որպես կանոն հաճախ ունենում են ավելի սահուն մուտք առաջատար համալսարաններ՝ բավարարելով անգլերենի պահանջները առանց լրացուցիչ քննությունների` միաժամանակ ներկայացնելով ամուր ակադեմիական պատրաստվածություն՝ հիմնված խիստ և համադրելի ուսումնական չափորոշիչների վրա։

IB DP ծրագրի դիպլոմը ճանաչվում է աշխարհի ավելի քան 5,000 համալսարանների կողմից՝ ապահովելով շրջանավարտների համար լայն և բազմազան միջազգային կրթական հնարավորություններ։ Այն համարվում է համաշխարհային ճանաչում ունեցող և բարձր գնահատվող որակավորում. առաջատար համալսարանները ծանոթ են ծրագրի ակադեմիական խստությանը և ավարտելու բարձր չափորոշիչներին, ինչը վստահություն է ներշնչում դիմորդների պատրաստվածության և համալսարանական ուսմանը պատրաստ լինելու վերաբերյալ։ Հայաստանում IB DP դիպլոմը ճանաչվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (AUA) կողմից։

Քանի որ AI-ն արագորեն ավտոմատացնում է տեղեկատվության վերարտադրության և մեխանիկական վերլուծության վրա հիմնված առաջադրանքները, առավել արժեքավոր են դառնում այն հմտությունները, որոնք դժվար է ավտոմատացնել քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը, էթիկական դատողությունը և անորոշության պայմաններում կողմնորոշվելու կարողությունը, հետազոտական կարողությունները և այլն։ Անգլերենով ուսուցումից զատ՝ IB DP ծրագրի առանցքում վերոնշյալ հմտություններն  են:

«Օհանյան» կրթահամալիրի IB DP  ծրագրի դիմումների ընդունումը բաց է անգլերենի բավարար և ամուր գիտելիքներով մոտիվացված աշակերտների համար։ Լավագույն առաջադիմություն ունեցող աշակերտների համար կրթահամալիրը տրամադրում է մինչև 100% ուսման վարձավճարի փոխհատուցում։

Leave a Comment