Կառավարությունը կարգելափակի չլիցենզավորված օնլայն խաղերի հասանելիությունը Հայաստանում

Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին, որոնք թույլ կտան օպերատիվ կերպով սահմանափակել չլիցենզավորված օնլայն խաղերի հասանելիությունը երկրի տարածքում։ Որոշումը կայացվել կառավարության ապրիլի 18-ի նիստին։

Ըստ հիմնավորման՝ նախագծի գլխավոր նպատակն է ուժեղացնել պետական վերահսկողությունը խաղային ոլորտում և կանխել անօրինական հարթակների գործունեությունը, որոնք խուսափում են հարկերից ու չեն պահպանում սահմանված նորմերը։

Նախագծի ընդունման արդյունքում նաև ակնկալվում է նկատելիորեն նվազեցնել անօրինական խաղային առաջարկների գայթակղությունը և գովազդային ազդեցությունը հայաստանյան օգտատերերի վրա և թույլ չտալ, որ չլիցենզավորված հարթակները տեխնիկական կամ իրավական բացերի միջոցով ներգրավեն նոր խաղացողների։

Գործող կարգավորումներով անօրինական կայքերի արգելափակումը չափազանց երկար ու բարդ գործընթաց էր, որը տևում էր մոտ երկու շաբաթ, որը թույլ էր տալիս կազմակերպիչներին արագ փոխել կայքի հասցեն կամ ստեղծել նոր հարթակներ՝ շրջանցելով արգելքը, ասված է որոշման նախագծի մեջ։

Պետության մշակած գործիքակազմը թույլ կտա ինտերնետ մատակարարողներին անմիջապես սահմանափակել չլիցենզավորված կայքերի ու դրանց գովազդի տարածումը։

Բացի տեխնիկական արգելափակումից, պայքար կիրականացվի նաև ֆինանսական գործիքներով։ ՀՀ Կենտրոնական բանկը հնարավորություն կստանա սահմանափակել դրամական փոխանցումները դեպի այն կայքերն ու հավելվածները, որոնք Հայաստանում չունեն համապատասխան լիցենզիա։

Սա, հեղինակների համոզմամբ, թույլ կտա փակել անօրինական ֆինանսական հոսքերը և պաշտպանել քաղաքացիներին չվերահսկվող խաղային հարթակների ռիսկերից։

Կառավարությունն ընդգծում է, որ այս փոփոխությունները միտված չեն օրինական դաշտում գործող ընկերությունների սահմանափակմանը։ Ընդհակառակը, նոր կարգը կստեղծի հավասար մրցակցային պայմաններ բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք գործում են օրենքով, վճարում են պետական տուրքեր և ենթարկվում են վերահսկողությանը։

Leave a Comment