Մեկ ժամում յոթ կեղծ պնդում. Իրանի խորհրդարանի խոսնակը քննադատել է Թրամփին

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կոշտ քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին՝ նրան մեղադրելով կեղծ հայտարարություններ անելու մեջ։

Ղալիբաֆը X սոցիալական հարթակում գրել է, որ Թրամփը «մեկ ժամում յոթ պնդում է արել, որոնցից յոթն էլ կեղծ են»՝ հավելելով, որ նման «ստերով» ԱՄՆ-ն բանակցություններում հաջողության չի հասնի։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի հաղթել պատերազմում, և տեղեկատվական մանիպուլյացիաները չեն կարող փոխել իրականությունը։

Խոսելով Հորմուզի նեղուցի մասին՝ Ղալիբաֆը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից «շրջափակման շարունակման դեպքում» նեղուցը «բաց չի մնա»։

Նա նաև անդրադարձել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի ավելի վաղ հայտարարությանը, ըստ որի՝ նեղուցի բաց կամ փակ լինելու հարցը որոշվելու է տեղում, ոչ թե սոցիալական ցանցերում։

Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ նշել էր, որ Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անցումը լիովին բաց է հրադադարի մնացած ժամանակահատվածում։ Այս հայտարարությունը քննադատության էր արժանացել Իրանի որոշ լրատվամիջոցների և կոշտ գծի կողմնակիցների կողմից, որոնք պահանջել էին պարզաբանումներ։

Ղալիբաֆը նաև ընդգծել է տեղեկատվական պայքարի նշանակությունը՝ նշելով, որ «լրատվամիջոցների պատերազմը և հասարակական կարծիքի ձևավորումը պատերազմի կարևոր մասն են, սակայն իրանական ազգը չի ազդվում այս մարտավարությունից»։

Leave a Comment