ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները միասին կաշխատեն հարստացված ուրանը դուրս բերելու համար․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները կաշխատեն միասին հարստացված ուրանը Իսլամական Հանրապետությունից դուրս բերելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան զորքեր պետք կլինի տեղակայել Իրանում՝ ուրանը դուրս բերելու համար, նախագահը պատասխանել է. «Ոչ, զորքեր չկան։ Մենք կժամանենք և կտանենք այն նրանց հետ։ Մենք այն միասին կհեռացնենք, քանի որ այդ ժամանակ համաձայնություն կձևավորվի, և երբ համաձայնություններ լինեն, մարտնչելու կարիք չի լինի», – հավելել է նա։

Նա նշել է, որ երկու կողմերը մտադիր են հանդիպել արդեն այս շաբաթավերջին։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը համաձայնություն է տվել Միացյալ Նահանգներին հանձնել 2025 թվականի հունիսին հարվածների ենթարկված միջուկային օբյեկտներում առկա հարստացված ուրանը։

Թրամփն ապրիլի 10-ին հայտարարել էր, որ Թեհրանն անձնական շփումների ժամանակ պատրաստակամություն է հայտնել հրաժարվել միջուկային զենքից։

Իսլամաբադում ապրիլի 11-ին տեղի էին ունեցել բանակցություններ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի միջև։ Կողմերին չէր հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ՝ առկա հակասությունների պատճառով։

Leave a Comment