Կարապետյան․ Փոփոխություններ լինելու են, ուժեղ Հայաստան ունենալու ենք

Կարապետյան․ Փոփոխություններ լինելու են, ուժեղ Հայաստան ունենալու ենք

17 ապրիլի 2026 – 18:18 AMT

PanARMENIAN.Net – Փոփոխություններ լինելու են, «շատ շուտով ուժեղ Հայաստան ունենալու ենք», հայտարարել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ, հայտնում է Aysor.am-ը:

«Փաստաբան Վարդևանյանը ներկայացրեց բոլոր ապօրինությունները, որ գոյություն ունեն այս մեղադրանքների մեջ, դրա համար այդ մասով ևս ավելացնելու բան չունեմ։ Միայն ուզում եմ արձանագրել, որ մեր իրավական համակարգի բոլոր ապօրինությունները, ես վստահ եմ, ուղղված են իմ դեմ, մեր թիմի բոլոր անդամների դեմ, որպեսզի փորձեն կանգնեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը։ Բայց ձեզ վստահեցնում եմ, դա իրենց չի հաջողվելու, ամեն ինչ շարժվում է առաջ։ Փոփոխություններ լինելու են, շատ շուտով ուժեղ Հայաստան ունենալու ենք»,-ասել է նա:

Դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը։

Նրա պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդել է վերացնել կիրառված տնային կալանքը՝ առաջարկելով նաև ավելացնել արդեն սահմանված գրավի չափը։ Փաստաբանի խոսքով՝ Կարապետյանը պատրաստ է 4 միլիարդ դրամից բացի վճարել ևս շուրջ 400 միլիոն դրամ՝ ընդգծելով, որ վերջին տասը ամիսների ընթացքում որևէ խախտում չի արձանագրվել։

Դատական նիստին զուգահեռ դատարանի բակում Կարապետյանի աջակիցները իրականացրել են ակցիա՝ պահանջելով նրա ազատ արձակումը։

Կարապետյանի գործով դատական նիստից առաջ կայացած երթից 17 անձ ձերբակալվել է։Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը դատարան է բերվել ոստիկանական ավտոմեքենայով։ Դատարանի բակում նրան դիմավորել են աջակիցներն ու համակիրները՝ ծափահարություններով և «Սամվել», «Սամվել» վանկարկումներով: Կարապետյանը չի պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ ներկայումս խոսելու իրավունք չունի։

Leave a Comment