ՀՀ-ն հրապարակել է Ադրբեջանի տարածքով և Ադրբեջանից ներմուծումների տվյալները

ՀՀ-ն հրապարակել է Ադրբեջանի տարածքով և Ադրբեջանից ներմուծումների տվյալները

17 ապրիլի 2026 – 16:06 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունն ու էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել են տվյալներ այն մասին, թե 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը Ռուսաստանից և Ղազախստանից Ադրբեջանի տարածքով որքան ապրանք է ներկրվել Հայաստան։ Ներկայացվել են նաև Ադրբեջանից՝ Վրաստանի տարածքով Հայաստան ներմուծումների ցուցանիշները։ Այդ մասին հայտնել են ՊԵԿ-ից և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից

ՌԴ-ից և Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 26 հազար 295 տոննա ապրանք, իսկ Ադրբեջանից՝ 9 հազար 337 տոննա վառելիք: Ընդգծվել է, որ տարածաշրջանային համագործակցության և խաղաղության հաստատման արդյունքներն արդեն շոշափելի են՝ ստեղծելով նոր հնարավորություններ տնտեսական զարգացման համար։

ՊԵԿ մաքսային ծառայության տվյալներով՝ ՀՀ երկաթուղային ճանապարհով, Ադրբեջանի տարածքով տարանցման կարգով առաջին անգամ ապրանքներ մուտք են գործել 2025 թվականի նոյեմբերի 6-ին։

«Ռուսաստանից և Ղազախստանից ներկրվել է 24 հազար 865 տոննան ցորեն, 1362 տոննա պարարտանյութ, 68 տոննա հնդկացորենի ձավար: Իսկ Ադրբեջանից Հայաստան՝ Վրաստանի տարածքով, երկաթուղու միջոցով 2025 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը ներմուծվել և ձևակերպվել է 9 հազար 337 տոննա ադրբեջանական ծագման վառելիք ընդհանուր 7.2 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, որից՝ 5 հազար 398 տոննան դիզելային վառելիք 4.3 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, 3 հազար 939 տոննան բենզին` 2.9 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով»,- նշել են գերատեսչություններից։

Leave a Comment