Ազատի զինկացարանի հրդեհի գործով մեղադրյալ․ Չգիտես ինչու՝ նախաքննության փուլում բոլորը տվել են այլ ցուցմունք

Ազատի զինկացարանի հրդեհի գործով մեղադրյալ․ Չգիտես ինչու՝ նախաքննության փուլում բոլորը տվել են այլ ցուցմունք

17 ապրիլի 2026 – 16:35 AMT

PanARMENIAN.Net – Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողի գործով հերթական դատական նիստի ընթացքում հարցաքննվել է մեղադրյալ Մառլեն Սարգսյանը, ով զբաղեցրել է ՀՀ ՊՆ 75937 զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետի պաշտոնը։

«Ես դեպքի հետ առնչություն չեմ ունեցել, ես մինչև գնացել, հասել եմ դեպքի վայր, անգամ չեմ կարողացել մոտենալ շենքին»,-ասել է Սարգսյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարան այցելել է ընդամենը մեկ անգամ:

«Ոչ թե այցելել եմ ինչ-որ կարգադրություն կատարելու, այլ ուղղակի այդ ճանապարհով անցել եմ, տեսել եմ զինվորականներ, կանգնել եմ, իմացել եմ, որ վաշտ է գտնվում։ Ծանրաբեռնվածությունն այնքան շատ է եղել, որ անգամ ժամանակ է եղել մինչև ժամը 2-ը մնացել եմ, մարդկանց համար լույս ենք ապահովել, քանի որ ընդհանուր զորամասը ցրված է Վարդենիսի տարածքով մեկ։ Ոչ մի տեղ լիարժեք չէր համապատասխանում զինվորի բնակվելու համար»,-ասել է նա:

Հանրային մեղադրողի հարցին՝ արդյոք նկատել է, որ կացարանը ջեռուցվել է վառարանի միջոցով, Սարգսյանը պատասխանել է. «Ես ներս չեմ մտել»։

Նա չի հիշել նաև՝ արդյոք դրսում վառելափայտ նկատել է, թե ոչ։

Հարցին, թե նկատել է արդյոք հակահրդեհային միջոցների բացակայությունը, նա նշել է. «Չեմ նկատել, քանի որ չեն էլ դիմել այդ հարցով, մտածել եմ՝ դրա կարիքը չունեն»։

Մեղադրողը ներկայացրել է, որ գործի նյութերում առկա են տվյալներ, ըստ որոնց Սարգսյանը եղել է վաշտում, տեսել է վառարանը և արձանագրել հակահրդեհային միջոցների բացակայությունը:

Դրան ի պատասխան Սարգսյանը հայտարարել է. «Շատ մարդիկ կարող են նաև սուտ ցուցմունքներ տալ, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից։ Ես այն անձերից չեմ, որ խուսափեմ պատասխանատվությունից։ Ես ասում եմ այն, ինչ կա, փաստացի ես չեմ եղել։ 8 տարի ընդմիջումից հետո նոր նշանակված եմ եղել»։

Դատական նիստի ընթացքում իրավիճակը պարբերաբար լարվել է․ տուժածների իրավահաջորդներն արձագանքել են մեղադրյալի հայտարարություններին, իսկ դատավորը հորդորել է պահպանել կարգապահություն։

Մեղադրողի հարցին՝ ինչով է պայմանավորված իր դեմ ցուցմունքների առկայությունը, Սարգսյանը պատասխանել է. «Չգիտես ինչու նախաքննության փուլում բոլորը տվել են այլ ցուցմունք, բայց երբ որ եղել է առերեսում, հրաժարվել են նախնական տված ցուցմունքից»։

Հարցուպատասխանի ընթացքում նա նաև նշել է, որ ութ տարի բանակի հետ կապ չի ունեցել և պաշտոնին նշանակվելուց առաջ վերապատրաստում չի անցել։ Հարցին՝ արդյոք ունեցել է անհրաժեշտ որակավորում տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար, պատասխանել է. «Միանշանակ»։

«Միջոցները ես չեմ ձեռնարկում, միջոցներ պետք է ապահովի նա, ով ինձ այդ պաշտոնին նշանակել է»,- նշել է մեղադրյալը՝ անդրադառնալով իր պարտականություններին։

Մեղադրողի դիտարկմանը, որ նա շարունակել է պաշտոնավարել՝ գիտակցելով իր սահմանափակումները, Սարգսյանը պատասխանել է. «Ես մեղավոր չեմ, որ ինձ ուղարկել են զորամաս, այդ պաշտոնն ընդունել եմ, ու ինձ մոռացել են, դրանից հետո հավելյալ պարտականություն են ինձ կպցրել, տարել են կալանավորելու»։

2023 թվականի հունվարի 19-ին՝ գիշերը ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ևս 7-ը տեղափոխվել են հոսպիտալ։

Մառլեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով համապատասխան պաշտոնը և պատասխանատու լինելով հակահրդեհային անվտանգության կազմակերպման համար, չի կատարել իր պարտականությունները, ինչի հետևանքով հրդեհի պայմաններում հնարավոր չի եղել ապահովել զինծառայողների անվտանգ դուրսբերումը, ինչը հանգեցրել է մարդկային կորուստների և վիրավորումների։

Leave a Comment