Իջնողը Փաշինյանն է. աշխարհ, կանգնիր •

Ազգային ժողովում կառավարության 2025 թվականի ծրագրի կատարման քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանդես եկավ կոշտ քննադատությամբ՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով խաղաղության թեմային և իշխանության վարած քաղաքականությանը։

Պատգամավորը ընդգծեց, որ ընդդիմությունը դեմ չէ խաղաղությանը, սակայն դեմ է գործող վարչապետին՝ համոզմունք հայտնելով, որ Փաշինյանը ի վիճակի չէ իրական խաղաղություն ապահովել։ Նրա խոսքով՝ իշխանությունը ներկայիս իրավիճակը ներկայացնում է որպես խաղաղություն, մինչդեռ իրականում խոսքը «խախուտ հրադադարի» մասին է։

Խաչատրյանը քննադատեց նաև վարչապետի այն ձևակերպումները, որոնցում վերջինս խոսում է զոհերի, զրկանքների և դժվարությունների միջոցով այս իրավիճակին հասնելու մասին։ Ըստ պատգամավորի՝ այդ ճանապարհը չի հանգեցրել որևէ դրական արդյունքի, այլ բերել է ծանր հետևանքների՝ ներառյալ Արցախի կորստի և լուրջ ազգային խնդիրների։

Նա նաև անդրադարձավ Փաշինյանի նախկին հայտարարություններին՝ կապված անկախության և ԱՊՀ-ի հետ, կասկածի տակ դնելով դրանց տրամաբանականությունը և ընդգծելով, որ նման մոտեցումներով առաջնորդվող ղեկավարությունը չի կարող ճիշտ պատկերացում տալ պետականության մասին։

Տնտեսական թեմաներին անդրադառնալով՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ իշխանությունը չափազանցնում է ադրբեջանական երկաթուղով Հայաստան ներկրվող բենզինի ծավալների նշանակությունը՝ այն ներկայացնելով որպես շուկայի կայունացման կարևոր գործոն։ Նրա գնահատմամբ՝ այդ ծավալները կազմում են ընդհանուր պահանջարկի փոքր հատված և չեն կարող էական ազդեցություն ունենալ շուկայի վրա։

Խաչատրյանը նաև մտահոգություն հայտնեց, որ նման հայտարարությունները կարող են նախապատրաստել հանրային կարծիքը ավելի լայն համագործակցության համար, որը, նրա կարծիքով, կարող է անցնել նաև անվտանգության ոլորտ։ Եզրափակելով ելույթը՝ նա նշեց, որ հասարակությունը նախկինի նման չի մոլորեցվի և առաջիկա ընտրություններում նման մոտեցումները չեն աշխատի. «Ու այս հավատամքով, այս հայացքների տեր մարդը մեզ սովորեցնում է՝ ինչ է անկախությունը, այստեղ են ասել՝ աշխարհ, կանգնի, իջնող կա։ Իջնողը Փաշինյանն է»:

Leave a Comment