17 ապրիլի 2026 – 16:56 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլ։ Նա այդ մասին նշել է Անթալիայում անցկացվող V դիվանագիտական ֆորումի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ընթացքում։
Հաջիևը ընդգծել է, որ Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի համար, գրում է APA-ն:
Ադրբեջանի նախագահի օգնականը նաև նշել է, որ շարունակվում են քայլերը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, և նախորդ տարվա օգոստոսին ԱՄՆ ղեկավարության մասնակցությամբ համապատասխան համաձայնագիրը նախաստորագրվել է։
Հաջիևը հավելել է, որ 30 տարվա ընթացքում դրսից առաջարկված և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջ քաշված կարգավորման մոդելը չի տվել արդյունքներ։
«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ տարածաշրջանում իրական արդյունքների կարելի է հասնել միայն տեղական սուբյեկտայնության և առաջնորդության միջոցով»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ ներկայում ձևավորվել է «նոր ստատուս քվո, և Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլ, թեև մոտակա տարածաշրջաններում առաջանում են նոր հակամարտություններ»։
Հաջիևը նաև ընդգծել է, որ տարածաշրջանային սուբյեկտայնությունը չի նշանակում մեկուսացում, այլ հակառակը՝ ապահովում է համագործակցության լայն հնարավորություններ այլ տարածաշրջանների հետ։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։