Պետեր Մաջյարի «թուրքական ընտրությունը»




1in.am Հունգարիայի խորհրդարանական ընտրություններից անցել է մոտ մեկ շաբաթ: Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդներից Պետեր Մաջյարին հաղթանակի առթիվ շնորհավորել է Ղազախստանի նախագահ Տոկաևը: Տարածաշրջանի փորձագետները Տոկաևի այդ քայլը գնահատում են «ստուգողական»: Ղազախստանի նախագահը, ըստ այդմ, փորձել է պարզել, թե Մաջյարի կառավարությունը կշարունակի՞ Թուրքական պետությունների կազմակերպության հետ համագործակցությունը:


 


Հունգարիան ԹՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ձեռք է բերել 2018 թ.-ին: Այդ շրջանից հայտնի է Վիկտոր Օրբանի տեսակետը, որ «թուրքական աշխարհը սկսվում է Դանուբից և ձգվում մինչև Չինաստան»: Փորձագետների զգալի մասը համարում է, որ Օրբանը հունգարների էթնիկ ծագումնաբանությունը կապում է հոների հետ, իսկ վերջիններս համարվում են թուրքական ցեղախումբ:


 


Կենտրոնական Ասիայում ուշադրություն են դարձրել իրողությանը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պետեր Մաջյարին դեռևս չի շնորհավորել: Դա ընկալվում է որպես «սպասողականություն»՝ մինչև որոշակի կլինի, թե Հունգարիան ԹՊԿ հետ հարաբերությունների ի՞նչ մակարդակ կպահպանի: Այս առումով «ստուգողական» է համարվում մայիսին Ղազախստանում կայանալիք ԹՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին Պետեր Մաջյարի մասնակցել-չմասնակցելու հանգամանքը:


 


Ղազախստանցի քաղաքագետ Նուսուպբաևը համարում է, որ Մաջյարի կուսակցության «Տիսա» անվանումը «հունգարական ինքնության գաղտնագիր է, իրականում այն նախանշում է Տիսա գետը, որ հոսում է Եվրոպայի հունգարաբնակ բոլոր տարածքներով»: Ըստ այդմ, նա համոզված է, որ Մաջյարը «հունգարների թուրքական ծագման վարկածը չի ճանաչում և երկիրը տանելու է դեպի Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցության»:


 


Ադրբեջանական մամուլում այս թեման ընդհանրապես չի արծարծվում: Բայց դա չի նշանակում, թե Հունգարիայի «թուրքական ընտրությունը» Բաքվին և անհատապես Իլհամ Ալիևին չի հուզում: Իսկ թե քաղաքակրթական ինչ համոզմունքներ ունի Պետեր Մաջյարը, պարզ կլինի արդեն վարչապետի պաշտոնում նրա ծրագրային ելույթից: Տպավորություն կա, որ Եվրամիությունը Հունգարիան դիտարկելու է որպես Կենտրոնական Ասիայի հետ «կապող օղակ»:


 


 


Leave a Comment