Կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտման պատճառով (ՖՈՏՈ)

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ․ կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել․ ՖՈՏՈ


ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները անհատ ձեռնարկատեր Մարինե Սիմոնյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, գ․ Ծովագյուղ) իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։


Մասնավորապես՝ 


– արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, տեխնոլոգիական գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տարածությունը, 


– արտադրամասը սարքավորված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, 


– հատակների մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, սալիկները որոշ հատվածներում կոտրված են եղել, ինչը թույլ չի տվել հեշտորեն լվանալ, ախտահանել, ցամաքեցնել, 


– պատերի մակերևույթների վերին հատվածները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի է լվանալ և ախտահանել, 


– առաստաղները չեն կանխարգելել մակերևույթներից և կառուցվածքներից մասնիկներ թափվելու հնարավորությունը, 


– սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։ 


Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: 




Leave a Comment