
«Էն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս ժողովրդին անվանելով «ժեխ», «շուն-շանգյալ», «բոշա»…այսինքն՝ իրենք մարտահրավեր են նետում, որ իրենց ձայն տվող մարդը պետք է ինքն իրեն հայտարարագրի որպես «ժեխ», «շուն-շանգյալ», «բոշա»: ՀՀ քաղաքացին պետք է որոշի՝ այդ մարտահրավերը ընդունում է, թե ոչ»:
Ընդդիմությունից վարչապետ Նիկոլ Փաշինյանին դահլիճում լսում են միայն «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու Արթուր Խաչատրյանը։
Փաշինյանը հայտարարեց՝ իր ղեկավարած իշխանությունը երկիրը դուրս է բերել թակարդից. «Այն թակարդից, որի մեջ մենք մտել ենք Ղարաբաղի շարժումով և որի մեջ պատերազմի եռագլուխ կուսակցությունները մեզ անընդհատ մտցրել են ու պահել են փակուղում»:
Վարչապետը կրկին նշեց՝ պատերազմի պատճառը եղել է Ղարաբաղյան շարժումը. «Ղարաբաղյան շարժումը չկա, ուրեմն պատերազմ չկա: Սա է ամբողջ խնդիրը: Եվ մենք գիտակցված գնացել ենք այդ ճանապարհով»:
«Այս քննարկման արդյունքում արձանագրվեց երկու բան՝ առաջինը, որ խաղաղությունը վերանայելը պատերազմի եռագլուխ կուսակցության, որը ձևավորված է նախկին իշխանության ներկայացուցիչներից, հիմնական ու առանցքային խնդիրն է»,- հայտարարեց Փաշինյանը: