Թրամփը հայտարարել է Լիբանանում հրադադարի մասին

Թրամփը հայտարարել է Լիբանանում հրադադարի մասին

17 ապրիլի 2026 – 12:36 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի ղեկավարները իր հետ զրույցում համաձայնել են հայտարարել հրադադար՝ հինգշաբթիից ուրբաթ անցնող կեսգիշերից։

«Ես հենց նոր հիանալի զրույցներ եմ ունեցել Լիբանանի հարգարժան նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ։ Այս երկու առաջնորդները համաձայնել են իրենց երկրների միջև խաղաղության հասնելու նպատակով պաշտոնապես հայտարարել 10-օրյա հրադադար», — գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփը հիշեցրել է, որ ԱՄՆ-ում անցկացվել են Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչների առաջին պաշտոնական բանակցությունները վերջին 34 տարիների ընթացքում, և հայտնել է, որ ինքը հանձնարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և Միացյալ շտաբերի պետերի կոմիտեի նախագահ Դեն Ռեյզինին «համագործակցել Իսրայելի և Լիբանանի հետ՝ Երկարաժամկետ խաղաղության հասնելու համար», հայտնում է BBC-ն:

Թրամփը նաև հավելել է, որ կհրավիրի Աունին և Նեթանյահուին Սպիտակ տուն։

Լիբանանում հրադադարը եղել է Իրանի պահանջներից մեկը ԱՄՆ-ի հետ բանակցություններում։ Այդ բանակցությունները մեկնարկել են հանգստյան օրերին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, սակայն առաջին հանդիպումն ավարտվել է առանց արդյունքի։

Լիբանանում Իսրայելը պատերազմ է վարել «Հեզբոլլա» խմբավորման դեմ։

Լիբանանի խորհրդարանում «Հեզբոլլահին» ներկայացնող պատգամավոր Իբրահիմ ալ-Մուսավին AFP գործակալությանը հայտնել է, որ խմբավորումը կհետևի հրադադարին, եթե Իսրայելը դադարեցնի հարվածները։

«Մենք «Հեզբոլլահում» զգուշորեն կհետևենք հրադադարին՝ պայմանով, որ դա կլինի մեր դեմ ռազմական գործողությունների լիարժեք դադարեցում, և որ Իսրայելը դրանից չի օգտվի՝ սպանություններ իրականացնելու համար»,-ասել է ալ-Մուսավին։

Պատգամավորը նաև շնորհակալություն է հայտնել Իրանին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար՝ նշելով, որ առանց դրա հրադադար չէր լինի։

Լիբանանի խորհրդարանի խոսնակ և «Հեզբոլլահի» դաշնակից «Ամալ» շարժման ղեկավար Նաբիհ Բերրին հայտարարել է, որ քանի դեռ իսրայելական զորքերը մնում են Լիբանանի տարածքում, լիբանանցիներն ունեն դիմադրելու իրավունք, և ցանկացած հրադադարի պայմաններում իսրայելական ուժերը չպետք է ազատ տեղաշարժ ունենան երկրի տարածքում։

Բենիամին Նեթանյահուն երեկոյան հրատապ նիստի է հրավիրել Իսրայելի ռազմական կաբինետը։

Իր քաղաքացիներին ուղղված տեսաուղերձում Նեթանյահուն նշել է, որ Լիբանանի հետ հրադադարը հնարավորություն է ստեղծել «պատմական խաղաղության համաձայնագրի» համար, և որ ապագա բանակցություններում Իսրայելի հիմնական պահանջներից մեկը կմնա «Հեզբոլլահի» զինաթափումը։

Նրա խոսքով՝ Իսրայելը մերժել է «Հեզբոլլահի» պահանջը՝ իսրայելական զորքերի լիակատար դուրսբերման վերաբերյալ, և բանակը մնալու է սահմանամերձ տասկիլոմետրանոց բուֆերային գոտում, սակայն դրանով հանդերձ «Հեզբոլլահը» համաձայնել է հրադադարին։

Մարտին Լիբանանի կենտրոնական իշխանությունները, որոնց ներկայացրել է նախագահ Աունը, արգելել են «Հեզբոլլահի» ռազմական գործունեությունը, սակայն այդ որոշումը գործնական ազդեցություն չի ունեցել երկրի ներսում ազդեցիկ խմբավորման վրա։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հատուկ հայտարարությամբ հաստատել է հրադադարի վերաբերյալ համաձայնությունը և նշել, որ դրա ուժի մեջ մտնելուց հետո «Լիբանանի իշխանությունները ձեռնարկելու են քայլեր՝ կանխելու Իսրայելի դեմ «Հեզբոլլահի» և մյուս ոչ պետական զինված խմբավորումների ցանկացած հարձակում, գործողություն և թշնամական քայլ»։

«Բոլոր կողմերը ընդունում են, որ Լիբանանի ինքնիշխանության և ազգային պաշտպանության պատասխանատվությունը բացառապես Լիբանանի անվտանգության ուժերի վրա է, և ոչ մի այլ երկիր կամ խմբավորում իրավունք չունի հանդես գալ որպես Լիբանանի ինքնիշխանության երաշխավոր»,-նշված է հայտարարության մեջ, որի տեքստը, ինչպես ընդգծել է Պետդեպարտամենտը, համաձայնեցված է ինչպես Իսրայելի, այնպես էլ Լիբանանի հետ։

Լիբանանի բանակը հինգշաբթի կոչ է արել երկրի հարավից տեղահանված քաղաքացիներին չվերադառնալ իրենց բնակավայրեր, մինչև հրադադարը չի մտել ուժի մեջ, և չմոտենալ իսրայելցի զինվորականներին։

Բանակը նաև հորդորել է հետևել հարավում տեղակայված ստորաբաժանումների հրահանգներին և չմոտենալ չպայթած զինամթերքին կամ կասկածելի առարկաներին։

Ապրիլի 16-ի առավոտյան Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածների մասին և կոչ է արել խաղաղ բնակիչներին տարհանվել, իսկ «Հեզբոլլահը» հայտնել է Իսրայելի հյուսիսում նոր հրթիռային հարձակումների մասին։

Reuters-ին լիբանանցի բարձրաստիճան ուժայիններից մեկը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով ոչնչացվել է երկրի հարավը մնացած հատվածին կապող վերջին կամուրջը։

Լիբանանում հակամարտության նոր փուլը սկսվել է մոտ մեկուկես ամիս առաջ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ օդային արշավի մեկնարկից հետո։ Իրանի դաշնակից «Հեզբոլլահը» սկսել է հրթիռակոծել Իսրայելը, ինչին ի պատասխան Իսրայելը սկսել է հարվածներ հասցնել Լիբանանին։

Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին, սակայն Իսրայելի կառավարությունը նշել է, որ այդ պայմանավորվածությունը չի տարածվում լիբանանյան ուղղության վրա, մինչդեռ Իրանում և Պակիստանում հայտարարել են հակառակը։

Լիբանանը պաշտոնապես պատերազմական վիճակում է Իսրայելի հետ 1948 թվականից։ Մինչև ապրիլի 14-ին Վաշինգտոնում դեսպանների հանդիպումը երկու երկրների ներկայացուցիչների վերջին ուղիղ շփումները եղել են 1993 թվականին։

Ավելի վաղ՝ 1983-ին, Իսրայելն ու Լիբանանը պայմանավորվել են փոխադարձ ճանաչման և զորքերի դուրսբերման շուրջ, սակայն Լիբանանի քաղաքացիական պատերազմի սրման պատճառով այդ համաձայնությունը չի իրականացվել, և Բեյրութը մեկ տարի անց հրաժարվել է դրանից։

Դոնալդ Թրամփը հայտարարել է իր հաջողության մասին՝ ընդգծելով, որ Լիբանանն ու Իսրայելը համաձայնել են հրադադարի, իսկ Նեթանյահուն և Աունը կհանդիպեն Սպիտակ տանը։

Թրամփը հաճախ ներկայացնում է իրեն որպես խաղաղարար և այս անգամ ևս պնդել է, որ հրադադարի շնորհիվ կդադարեցնի արդեն տասներորդ հակամարտությունը, թեև այդ պնդումը վիճարկվել է։

Թե ինչ հետևանքներ կունենա այս քայլը գործնականում, դեռևս հստակ չէ։ «Հեզբոլլահը» մեծ ազդեցություն ունի Լիբանանում, սակայն չի մտնում պետական ուժային կառույցների մեջ։

Խմբավորումը հայտարարել է, որ պատրաստ է պահպանել հրադադարը, սակայն դա կախված է Իսրայելի գործողություններից։

Թրամփը զգալի ազդեցություն ունի Իսրայելի վրա, սակայն եթե Իսրայելի պաշտպանության ուժերը որոշեն շարունակել գործողությունները, նա չի կարող լիովին երաշխավորել դրանց դադարեցումը։

«Ամեն դեպքում, հրադադարի մասին հայտարարությունը կարևոր տեղեկատվական հաջողություն է Թրամփի համար՝ այն պայմաններում, երբ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները շարունակում են մնալ անորոշ»,-ասվում է հրապարակման մեջ:

Leave a Comment