Թրամփը չի բացառել, որ անձամբ կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղ համաձայնության կնքմանը

Թրամփը չի բացառել, որ անձամբ կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղ համաձայնության կնքմանը

17 ապրիլի 2026 – 12:07 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմի երկարաձգում, իր կարծիքով, անհրաժեշտ չի լինի, քանի որ Թեհրանը ձգտում է համաձայնության հասնել Վաշինգտոնի հետ՝ Հորրմուզի նեղուցի շուրջ շարունակվող լարվածության ֆոնին։

Նա նաև չի բացառել, որ անձամբ կմասնակցի Իրանի հետ խաղաղ համաձայնության կնքմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Եթե համաձայնագրի ստորագրումը տեղի ունենա Իսլամաբադում, ես լիովին կարող եմ գնալ այնտեղ», — ասել է նա լրագրողներին։

Նրա խոսքով՝ բանակցային խմբերի հաջորդ հանդիպումը կարող է կայանալ արդեն այս հանգստյան օրերին։ Միաժամանակ, հնարավոր է, որ հրադադարի ռեժիմի երկարաձգումը նույնիսկ անհրաժեշտ չլինի, քանի որ կողմերը «վարում են կառուցողական երկխոսություն», իսկ Թեհրանը «ցանկանում է համաձայնագիր կնքել»։

Ավելի վաղ նույն օրը Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ զրուցել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ պայմանավորվելով այդ երկրների միջև հրադադարի շուրջ։ Նրանց հակամարտությունը սրվել է անցած ամսվա սկզբին՝ Թել Ավիվի և Վաշինգտոնի կողմից Իրանի ուղղությամբ իրականացված հարվածներից հետո։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հայտարարումից հետո լիբանանյան «Հեզբոլլա» շարժումը դադարեցրել է Իսրայելի դեմ գործողությունները, սակայն դրանք վերսկսել է Լիբանանի վրա զանգվածային հարվածներից հետո։ Իրանում հայտարարել են, որ այդ երկրի դեմ հարձակումների դադարեցումը եղել է ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական պայմաններից մեկը՝ զգուշացնելով, որ դրանց շարունակումը կարող է խափանել բանակցությունները։

Անցած հանգստյան օրերին Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Իսլամաբադում անցկացրել են բանակցությունների առաջին փուլը։ Դրա արդյունքներով Թեհրանը հայտարարել է, որ կողմերը չեն հասել համաձայնության մի շարք առանցքային հարցերի շուրջ։ Մասնավորապես, Վաշինգտոնը պնդել է հարստացված ուրանի դուրսբերման անհրաժեշտությունը։

Հանդիպումից կարճ ժամանակ անց ԱՄՆ-ն սկսել է Հորմուզի նեղուցի շրջափակումը՝ որը համարվել է արաբական երկրներից վառելիքի մատակարարման կարևոր ուղի։ Այնուամենայնիվ, լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ նեղուցով արդեն անցել են մի քանի նավեր, այդ թվում՝ իրանական սուպերտանկեր, որը կարող է տեղափոխել երկու միլիոն բարել նավթ։

Leave a Comment