Նոր օրենսդրական նախագիծ գործազուրկների համար․ ինչ է առաջարկվում

ArmLur.am-ի ուսումնասիրությամբ՝ e-draft հարթակում հանրային քննարկման է դրվել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է հաստատել «Գործազուրկ անձանց թվային գրագիտության զարգացման ծրագիրը»։

Նախագծի հանրային քննարկումը տևելու է 2026 թվականի ապրիլի 16-ից մինչև մայիսի 4-ը։

Ծրագրի նպատակն է գործազուրկ քաղաքացիների համար ապահովել թվային գրագիտության նվազագույն մակարդակ՝ բարձրացնելով նրանց մրցունակությունը աշխատաշուկայում և զարգացնելով համակարգչային ու հաղորդակցական հմտությունները՝ ՏՀՏ գործիքների կիրառմամբ։

Նախատեսվում է 24 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթաց՝ 6 շաբաթ տևողությամբ, շաբաթական 2 օր, օրական 2 ժամ ձևաչափով՝ հիբրիդ (առկա և առցանց) ուսուցմամբ։ Դասընթացները ներառում են համակարգչային տարրական հմտություններ, էլեկտրոնային փոստի կիրառում, CV կազմել, աշխատանքի որոնման առցանց հարթակների օգտագործում, ինչպես նաև կիբերանվտանգության և թվային էթիկայի հիմունքներ։

Դասընթացի ավարտին 80 տոկոս և ավելի արդյունք ապահոված մասնակիցները կստանան վկայական և 50,000 դրամի չափով վաուչեր, որը հնարավոր կլինի օգտագործել ոչ ֆորմալ կրթական ծրագրերում։

Առաջին փուլում նախատեսվում է ներգրավել մինչև 10,000 գործազուրկ անձ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն գնահատվում է շուրջ 492.8 մլն դրամ։

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ ծրագիրը կնպաստի գործազրկության նվազեցմանը, աշխատաշուկայի թվայնացմանը և քաղաքացիների զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը։ Ծրագիրը նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2027 թվականի հունվարի 1-ից։

Անի Վարդանյան

Leave a Comment