«Հեզբոլլահը» հայտարարել է, որ պատրաստ է հետևել հրադադարի պայմանավորվածությանը, բայց վերապահումներով

Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ պատրաստ է հետևել պայմանավորվածությանը, բայց որոշակի վերապահումներով, հայտնում է AFP-ն:

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Իբրահիմ ալ-Մուսսաուին գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ շարժումը «զգուշավորությամբ» կպահպանի հրադադարը՝ պայմանով, որ Իսրայելը լիովին դադարեցնի մարտական գործողությունները և չօգտագործի այս դադարը թիրախային սպանությունների համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև հրադադարի հաստատման մասին։ Համաձայնությունը ձեռք է բերվել Իրանի դեմ պատերազմին հաջորդած՝ Լիբանանում հակամարտության սրացումից վեց շաբաթ անց, կգործի տասը օր։

Թրամփը հրադադարի մասին տեղեկացրել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո։ ԱՄՆ նախագահը երկու առաջնորդներին էլ հրավիրել է Սպիտակ տուն՝ հետագա քննարկումների համար։ Լիբանանի կառավարությունը, որը հակամարտության անմիջական կողմ չէ, հանդես է գալիս դեէսկալացիայի օգտին։

Իսրայելական կողմը պաշտոնապես դեռ չի հաստատել հրադադարի մանրամասները, սակայն, ինչպես հայտնել է Haaretz պարբերականը, Նեթանյահուն հրահանգել է բանակին պահպանել ցամաքային ուժերի ներկայությունը Լիբանանի հարավում զինադադարի ողջ ընթացքում։ Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ վարչապետը նախարարներին հայտնել է, որ ընդառաջել է Թրամփի խնդրանքին՝ կրակը դադարեցնելու վերաբերյալ։

Իրադարձությունների հետագա զարգացման և տևական խաղաղության հասնելու համար Թրամփը հատուկ աշխատանքային խումբ է ձևավորել։ Ինչպես նշել է The Associated Press գործակալությունը, նախագահը հանձնարարել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնին համակարգել գործընթացը Իսրայելի և Լիբանանի հետ։ 

Իսրայելի և «Հեզբոլլահ» խմբավորման միջև հակամարտությունը նոր թափ է ստացել 2025 թվականի փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Արդեն մարտի 2-ին «Հեզբոլլահը» կրակ էր բացել Իսրայելի ուղղությամբ՝ ի պաշտպանություն Թեհրանի, ինչին հետևել էր իսրայելական ուժերի առաջխաղացումը Լիբանանի տարածքում։

Leave a Comment