Թրամփը կարող է նոր զիջումների գնալ Իրանի հարցում. Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է գնալ նոր փոխզիջումների Իրանի հարցում, քանի որ ցանկանում է հակամարտության ավարտը, հայտնում է Politico հրատարակությունը՝ հղում անելով Պարսից ծոցի տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյային։

«Կարծում եմ՝ նա (Թրամփը – խմբ.) կգնա նոր փոխզիջումների… նա լուրջ է տրամադրված բանակցությունների հարցում և շատ է ցանկանում, որ սա ավարտվի, սակայն իրանցիները դեռ հրաժարվում են տալ այն, ինչ նրան անհրաժեշտ է՝ դեմքը պահպանելու և հակամարտությունից դուրս գալու համար»,- մեջբերում է հրատարակությունը աղբյուրի խոսքերը։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ է դարձել ավելի քան երեք հազար մարդ։

Ապրիլի 8-ին Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվեցին անարդյունք։ Ընդ որում, մարտական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը։ Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։

Leave a Comment